Ռուսաստանը Ստամբուլում բանակցություններից առաջ Ուկրաինայի դեմ ավելի քան 100 դրոն է կիրառել
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում բնակելի շենքերը ռուսական անօդաչու սարքերի կողմից խոցվել են մայիսի 15-ի գիշերը, հայտնել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նրա խոսքով՝ Սինելնիկովսկի շրջանի Մեժեւսկայա համայնքում մոտ 10 առանձնատուն, խանութ ու ավտոմեքենա է վնասվել։ Մասամբ ավերվել է մշակույթի տունը։
Իվանո-Ֆրանկովսկի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքերի գրոհի հետեւանքով հրդեհ է բռնկվել «տարածաշրջանի օբյեկտներից մեկում», հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Փրկարարները մարել են հրդեհը, ոչ ոք չի տուժել։ Իվանո-Ֆրանկովսկի ղեկավար Ռուսլան Մարցինկովը հայտնել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքը չի տուժել։
Սումիի մարզում, ըստ իշխանությունների, Սումի համայնքի գյուղերից մեկի քաղաքացիական ենթակառուցվածքը հայտնվել է անօդաչու սարքերի գրոհի տակ, հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան:
Կիեւի մարզի եւ Վոլինի մարզի Լուցկի իշխանությունները նույնպես հայտնել են ռուսական անօդաչու թռչող սարքերի գրոհը հետ մղելու մասին։ Իշխանությունները հայտնել են, որ ոչ ոք չի տուժել:
Ուկրաինայի ԶՈւ օդուժը հայտնել է, որ ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա մայիսի 15-ի գիշերը՝ օգտագործելով 110 հարվածային անօդաչու թռչող սարքեր եւ անօդաչու իմիտատորներ։ Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ խոցվել է 62 անօդաչու թռչող սարք, 29-ն ընկել է՝ չհասնելով թիրախին։
Ռուսաստանն ու Ուկրաինան ծրագրում են մայիսի 15-ին անցկացնել 2022-ից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները, որոնք կկայանան Ստամբուլում։
