Ալեքսիս Օհանյանը գնել է «Չելսի» կանանց ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 10%-ը
Գործարար, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը գնել է «Չելսի» կանանց ֆուտբոլային ակումբի 10% բաժնեմասը։ Այս մասին հաղորդում է The Times-ը։
Նա ձեռք է բերել 20 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ բաժնեմաս։
«Ես նախկինում մեծ խաղադրույքներ եմ կատարել կանանց սպորտի վրա, և կրկին դա անում եմ։ Հպարտությամբ հայտարարում եմ, որ միանում եմ «Չելսի» ֆուտբոլային ակումբին որպես ներդրող և տնօրենների խորհրդի անդամ», – գրել է Օհանյանը սոցիալական ցանցերում։
Օհանյանը տեղ կզբաղեցնի «Չելսիի» տնօրենների խորհրդում։ Ակնկալվում է, որ նրա կինը՝ ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի, 38-ակի «Մեծ սաղավարտի» չեմպիոն և չորս անգամ օլիմպիական չեմպիոն Սերենա Ուիլյամսը, նույնպես կներգրավվի ակումբի աշխատանքներում։
sportbox.ru-ն գրում է, որ Ուիլյամսը, Օհանյանը և նրանց ընտանիքը կիրակի օրը կլինեն «Ուեմբլի» մարզադաշտում՝ դիտելու կանանց Անգլիայի գավաթի եզրափակչում «Չելսի»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղը։
