Կորցրած իրականության զգացումը՝ Փաշինյանի անխուսափելի անկման պատճառ. ինչ ցույց տվեց Մելի պատմությունը
Ցանկացած իշխանության դեգրադացման հիմնական պատճառներից մեկն էլ մշտապես եղել ու մնում է ժամանակի ընթացքում իրականությունից կտրվելու, դրա մասին համակողմանի պատկերացում չունենալու անխուսափելի վտանգը: Այս խնդիրը առավելապես բնորոշ է իշխանական բուրգի ամենավերևում հայտնված գործիչներին, որի խորացումն ի վերջո վաղ թե ուշ հանգեցնում է իշխանության կորստի:
Վերջին մեկ և կես տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրել է բավական հարմարավետորեն նստել բուրգի գագաթին: Նրա մոտ ամեն ինչ լավ է. շքեղ առանձնատուն, ոչ պակաս շքեղ մեքենաներ, ցանկալին իրականության տեղ մատուցելուն սովոր չինովնիկներ, քծնողների մեծ բանակ, նույն այդ քծնողների ջանքերով քծնելուն նույնքան սովոր մասսաների մասնակցությամբ հատուկ կազմակերպվող միտինգատիպ տեսարաններ և այլն: Միով բանիվ՝ Փաշինյանի համար ստեղծված են կատարյալ պայմաններ՝ թուլանալու, վերջապես սեփական մաշկի վրա զգալու աթոռի քաղցրությունը, մոտիկից շոշափելու այն, ինչի մասին ոչ վաղ անցյալում նա կարող էր ընդամենը երազել և ոչ ավելին:
Տարվելով սեփական ստվերով՝ Փաշինյանը, սակայն, կորցրել է պետական գործչի համար կենսական նշանակություն ունեցող կարևորագույն մի հատկություն՝ իրականության զգացողությունը, և ինքն էլ սկսել է հավատալ իր իսկ հորինած այն ստին, թե այնքան պոպուլյար ու հեղինակավոր է, որ իր հեղինակությամբ կարող է ծածկել նաև մյուսներին:
Նոյեմբերի 13-ին երկրի վարչապետը կրկին ԱԺ բարձր ամբիոնից ելույթներ էր ունենում՝շոշափելով, մասնավորապես, այս օրերին հասարակական հուզումների ու լայն քննարկումների, քննադատությունների տեղիք տված հրատապ թեմաների շրջանակ:
ԱԺ ամբիոնից, որը Փաշինյանը մշտապես օգտագործել է պոպուլիստական ելույթներ ունենալու համար, խոսելով տրանսգենդեր ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին պատմող ֆիլիմի թեմայի շուրջ՝ ջանացել էր ոչ միայն արդարացնել ֆիլմին հատկացված պետական ֆինանսավորման փաստը, այլև խրախուսանքի խոսքեր էր շռայլել ԿԳՄՍ նախարարության հասեցին՝ լայնախոհություն դրսևորելու համար: Ավելին՝ անդրադառնալով այս օրերին լայնորեն քննարկվող մեկ այլ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցին՝ Փաշինյանը կրկին փորձել էր սեփական հովանու տակ առնել իր թիմակցին՝ պնդելով, թե «Հայաստանում պայքար է գնում սակավագիտության և լայնամտության միջև» և կրկին հնչեցնելով արդեն ավանդական դարձած հարցը՝ ի՞նչ է ասել սատանիզմ: Ընդ որում՝ նկատենք նաև, որ Փաշինյանը ճարպկել էր անքակտելի կապ նշմարել տրանսգենդերականության, սատանիզմի ու կոռուպցիայի միջև՝ դրանով, ըստ երևույթին, փորձելով հաճոյանալ պողոսներին:
Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն զուգահեռ իրականության մեջ է ապրում՝ հրաժարվելով հաշվի նստել իր համար հետզհետե անհրապույր դարձող իրականության հետ: Նա դեռ մնում է այն համոզման, որ այնպիսի ռեյտինիգի տեր մեկն է, որ կարող է դրա օգնությամբ ամենաանտրամաբանականն ու անհանդուրժելին հասարակությանը մատուցել վերջին ճշմարտության տեղ: Նա ակնհայտորեն մնացել է անցյալում, այն ժամանակներում, երբ դեռ ի վիճակի էր հասարակության խաբվածությունը շահագործել ու ասենք Ազգային ժողով ներմուծել տասնյակների հասնող անհասկանալի, հանրությանն անհայտ էակների կամ պաշտոնի տեր դարձնել կարգինհայկոներին ու այդ անելու համար ոչ միայն չքարկոծվել, այլև արժանանալ գովեստի:
Հիմա, սակայն, իսկապես իրավիճակ է փոխվել, ու Փաշինյանը դադարել է քաղաքականության մեջ զբաղեցնել մոնոպոլ դիրքեր. նրա տեսակետն այլևս վերջին ճշմարտություն չէ, նրա խոսքերը կորցրել են համոզելու իրենց երբեմնի հատկությունը, իսկ ռեյտինգը շարունակում է անկում ապրել:
Ի դեպ, ասվածում համոզվելու համար այլևս բավարար է միայն հետևել ԱԺ ամբիոնից նույն տրանսգենդեր մարզիկի շուրջ ծավալված նրա ելույթի հասարակական արձագանքներին, կարդալ ընդամենն այն մեկնաբանությունները, որոնցով ողողված են ողջ համացանցն ու սոցիալական ցանցերը: Մարդիկ փաստարկված կերպով բարձրացնում են օբյեկտիվ հարցեր, առաջ քաշում բնական հացրադրումներ, որոնց պատասխաններն անկհայտորեն դուրս են Փաշինյանի սիրած կոռուպցիայի մասին շահարկումների շրջանակից. նա դարձել է սուր քննադատությունների ու անխուսափելի հարձակումների թիրախ, ինչը վկայում է նրա վարկանիշի աննախադեպ անկման, քաղաքական երերուն կապիտալի սպառման մասին, որի հետևանքները կարող են անդառնալի լինել պոպուլիզմի անգերազանցելի վարպետի համար:
Իսկ հնչող քննադատությունները ռացիոնալ են, բարձրացվող հարցերի շրջանակն էլ՝ միանգամայն ընկալելի: Մասնավորապես՝ անհասկանալի են Փաշինյանի ջանքերը՝ Մելինե Դալուզյանին մատուցելու հայկական սպորտի պատմության մեջ ամենափառահեղ մարզիկի դերում այն էլ մի դեպքում, երբ, ինչպես հայտնի է, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան դոպինգ ստուգումներից հետո անժամկետ որակազրկել էր Հայաստանը ներկայացնող Մելինե Դալուզյանին և մի պարագայում, երբ այդ ասպարեզում կենդանի հերոսների պակաս մեր երկիրն ու ժողովուրդն առանձնապես չի զգում:
Անընկալելի են նաև Փաշինյանի հնչեցրած արդարացումներն առ այն, որ Դալուզյանն ընդամենը հիվանդ է, ով փորձել է բուժել իր հիվանդությունը ոչ ավանդական մեթոդներով, ինչն իբր չի կարող հիմք դառնալ նրա հանդեպ կողմնակալ վերաբերմունքի: Փաշինյանը, մասնավորապես, հարց է բարձրացնում, թե արժե՞, արդյոք, հիվանդին փող տալ, թե՞ ոչ:
Փաշինյանի հարցադրումն ի սկզբանե սխալ է, քանի որ տվյալ պարագայում փողը հատկացվում է ոչ թե հիվանդությունը բուժելու, այլ այն ֆիլմի միջոցով պրոպագանդելու համար: Իսկ ինչպես հայտնի է, հիվանդությունն ու դրա պրոպագանդան միմյանց հետ անհամատեղելի բաներ են. հարկ է պրոպագանդել հիվանդության բուժման մեթոդները, այլ ոչ թե հիվանդությունը: Եվ ուրեմն՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հավասարության նշան դնում ու մանիպուլացնում: Մյուս կողմից՝ ծիծաղելի են Փաշինյանի այն արդարացումները, թե պետությունը ֆինասնավորել է ֆիլմի միայն այն հատվածը, որը վիճելի բովանդակության չէ: Տեսնես աշխարհում նման բան առհասարակ լինո՞ւմ է, թե՞ սա էլ է նորհայաստանյան նոու-հաուներից՝ «Նիկոլինն ուրիշ է» սերիայից…
Այլևս փաստ է՝ հողը Փաշինյանի ոտքերի տակ երերում է, հեղինակությունը՝ սասանված: Ամենավատն այս պարագայում, սակայն, այն է, որ հերոսից հակահերոսի վերածվելու ճանապարհին Փաշինյանը հրաժարվում է դուրս գալ հեղափոխական էյֆորիայից, իրականությանը նայել ավելի սթափ՝լայն բացված աչքերով: Աներկբա է, որ իրավիճակը չվերագնահատելու, իրականությունից կտրված մնալու դեպքում նրա գահավիժումն իրեն երկար սպասեցնել չի տալու, և ինչպես որ եկել էր իշխանության, նույն կերպ և ստիպած է լինելու հրաժեշտ տալ դրան. այդպիսին է պոպուլիստների ճակատագիրը:
