ԱԺ-ն քննարկում է պետական սահմանի անցակետում հակահամաճարակային վերահսկողության օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագիծը ներկայացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է ամրագրել լիազորող նորմ, ինչը հնարավորություն կտա համապատասխան տեսչական մարմնին սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնել, և կվերանա օրենսդրական բացը, կապահովվի օրենքում օգտագործվող տերմինների միատեսակ կիրառումը: Ներկայումս գործող օրենսդրության համաձայն` սահմանի անցման կետերում իրավասու մարմինների կողմից արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի տարածման կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող անձանց և բեռների, ապրանքների, ուղեբեռների, փոստային ծանրոցների, մարդկանց դիակների, կոնտեյներների և տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում են վերահսկողության և, անհրաժեշտության դեպքում, առողջապահական միջոցառումներ։ Նշենք, որ այդ լիազորությունները նախկինում իրականացվում էր ԱՆ առողջապահության պետական տեսչության կողմից: Ներկա իրավիճակում վերահսկողական ֆունկցիան վերապահված է տեսչական մարմիններին, սակայն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին որևէ օրենքով սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնելու լիազորություն չի վերապահվել: Հետևաբար, նշված լիազորության` օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը հնարավորություն կտա նշված տեսչական մարմնին իրականացնել համապատասխան վերահսկողություն` առաջնորդվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով առաջարկվող նախագծով ամրագրվող նորմը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )