Կառավարությունը որոշել է լուծարել ԱՆԻՖ-ը

Այսօր կառավարությունը  որոշել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ, ANIF – Armenian National Interests Fund) 100 տոկոս բաժնեմասի կառավարման լիազորությունը հանձնել ՏԿԵՆ-ին ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեին: Չզեկուցվող հարցն ընդգրկված է եղել կառավարության նիստի օրակարգում։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Առաջարկվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Առաջարկվող փոփոխությունների իրականացումը պայմանավորված է 2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության N Վ/35-2024 արձանագրության 3-րդ կետի պահանջներով՝ Ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ, ինչպես նաև Կոմիտեի կանոնադրությամբ վերջինիս վերապահված լիազորություններով։

Ներկայումս ընթանում են Ընկերության լուծարման գործընթացի իրականացման հետ կապված աշխատանքներ»։

Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ը կառավարությունը որոշմամբ ստեղծվել է 2019-ի ապրիլին:  Ընկերության՝ ՀՀ սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

Նշենք, որ  ԱՆԻՖ-ի 2019-2023 թթ. տնօրենների խորհրդի նախագահը եղել է Տիգրան Ավինյանը։

Share This