Ինչ օգտակար հատկություններով են օժտված արևածաղկի սերմերը

Արևածաղկի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ, որոնք օգտակար են նյարդային համակարգի համար և նվազեցնում են սթրեսի մակարդակը։ Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Մասնագետի խոսքով՝ այս սերմերի կանոնավոր գործածությունը կարող է ազատել անհանգստությունից, ամրապնդել արյունատար անոթներն ու նվազեցնել զարկերակային բարձր ճնշումը: Բացի այդ, բուսական սպիտակուցների ու E և B վիտամինների բարձր պարունակության շնորհիվ օրգանիզմը ստանում է անհրաժեշտ սննդարար տարրերը բջջային մակարդակում։

«Վիտամին E-ն բարելավում է տեսողությունը և մաշկի վիճակը: Այն հաճախ է օգտագործվում աթերոսկլերոզի և սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար, քանի որ օգնում է պահպանել բջիջների ամբողջականությունը: Այն նաև կանխում է բջջաթաղանթների օքսիդացումը՝ դրանով իսկ պահպանելով բջջի ամբողջականությունը: Եթե բջիջը պահպանվել է, նշանակում է, որ այն կարող է նորմալ կատարել իր գործառույթները և չի քայքայվի ժամանակից շուտ»,- նշել է բժիշկը։

Նա նաև հավելել է, որ արևածաղկի սերմերը հարուստ են մանրաթելերով, ինչը դրական ազդեցություն է ունենում աղիների միկրոֆլորայի և իմունիտետի վրա։ Սակայն հարկ է հիշել, որ այս մթերքը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների և ավելորդ քաշի առկայության դեպքում։

Share This