Թուրքիան մեղադրում է Սիրիայի քրդերին արգելված զենք օգտագործելու համար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեկ ընդունել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Չարլզ Օ՚Բրայենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:
Հանդիպումից հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցազրույցի ժամանակ Աքարը մասնավորապես ասել է. «Մեր զինարանում քիմիական և ցանկացած այլ արգելված զենք չկա: Բայց մենք տեղեկություն ունենք, որ ահաբեկիչներն օգտագործում են քիմիական զենք և փորձում են մեղքը բարդել Թուրքիայի վրա: Այդ սուտ լուրերով նրանք փորձում են ստվեր գցել Թուրքիայի վրա»:
Աքարը նշել է նաև, որ իրենք կռվում են «բարոյական սկզբունքներով», կրոնական և էթնիկ որևէ տարբերություն չեն դնում և խաղաղ բնակչության դեմ ոչ մի գործողություն չեն կատարում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
