Իսկ պաշտոնյայի համար սահմանված պրոտոկոլային էթիկան ՀՀ ԱԽ քարտուղարի համար չէ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր բավական հետաքրքիր հայտարարություն է արել, կապված իր՝ Վիտալի Բալասանյանի կողմից նախօրեին տված հարցազրույցին ուղղված մեկնաբանության հետ։ Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը բավական կոշտ արտահայտություններ էր արել ներկայիս իշխանությունների եւ հատկապես Սասնա Ծռերի առնչությամբ։ ՀՀ ԱԽ քարտուղարը խոսքում բավական զգուշավոր է գտնվել հատկապես հերոսների եւ հերոսականության հարցի հետ կապված արձագանքելիս, ինչը լիովին հասկանալի է, քանի որ ամեն դեպքում նա Մովսես Հակոբյանի քրոջ որդին է, իսկ Մովսես Հակոբյանը պակաս ներդրում ունեցած մարդ չէ Արցախյան պատերազմում եւ այստեղ նսեմացումն անմիջականորեն կնշանակեր նսեմացնել նաեւ Մովսես հակոբյանի ներդրումը։ Իհարկե, ՀՀ ԱԽ քարտուղարը ճիշտ է, որ հերոս լինելը կամ հերոսականության ցուցաբերումը չի նշանակում, թե հավելյալ իմունիտետ է տրվում այդ մարդուն ամեն բան անելու կամ շատ այլ բաներ անելու, մյուսների համեմատությամբ, սակայն նաեւ չմոռանանք, որ կա նաեւ պաշտոնյայի էթիկա, որը գոնե ակնկալում է, որ գործող պաշտոնյաները նախկինների կամ առհասարակ այլոց մասին խոսելիս, պահպանեն քաղաքավարության ու բարեկրթության կանոնները, որքան էլ որ նրանց օպոնենտները կոշտ դիրքորոշումներ հայտնեն։ Այս հարցում ԱԽՔ-ը կատարել է սպրդում, ինչը երեւի թե ինքն էլ կհասկանա։ Նույնիսկ եթե Վիտալի Բալասանյանը ամենավատ ձեւով արտահայտվեր, գործող բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Գրիգորյանը պարտավոր էր պահպանել էթիկան ու հնարավորինս հակակշռող մեղմ բառապաշարով արձագանքեր եւ չանցներ խուլիգան եւ այլն էպիտետների սահմանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )