Զայրացած անասնատերերն ու մսավաճառները պահանջել են հանդիպում Շիրակի մարզպետի հետ
Այսօր՝ վաղ առավոտից, Գյումրու շուկայի բոլոր մսավաճառները փակել են տաղավարներն ու բողոքով հասել Շիրակի մարզպետարան: Շիրակի մարզում գործող մեկ սպանդանոց կա ընդամենը, որը չի հասցնում ժամանակին սպասարկել բոլորին, իսկ բակային մորթի համար ՍԱՏՄ-ն մսավաճառներին 100-300 հազար դրամով տուգանում է:Ո՛չ օրենքն են ուզում անտեսել, ո՛չ էլ իրենց անտեսված զգալ: Զայրացած անասնատերերն ու մսավաճառները (գրեթե 70 հոգի) այսօր Շիրակի մարզպետարանում պահանջում էին հանդիպում մարզպետի հետ, որպեսզի իրենց հարցերի պատասխանները ստանան:
Վարկեր ու պարտքեր ունինք, ո՞վ պիտի մտածե մեր մասին, ի՞նչ էնենք՝ գողությո՞ւն, որ մեր տները պահենք: Ո՞ւր է մարզպետը, ո՞վ պիտի վճարե մեր վարկերը, ինչի՞ չի եկել»,- պահանջը պնդեցին նրանք:
Մսավաճառների ու անասնատերերի հետ հանդիպեցին մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու այլ պաշտոնյաներ:
«Որ դուք սպանդանոց չունիք, մեզնից ի՞նչ գուզեք: Գնացեք, գյուղապետարանների բյուջեներով մեզի համար սպանդանոց սարքեք, ձեր պատճառով մենք կտուգանվինք: Սպանդանոցը չսարքած՝ մեզի կսեք՝ հոպ, թռեք: Սպանդանոց սարքեք մեզի համար, քանի՞ անգամ ենք ձեզի ըսել՝ գործ էրեք»,- զայրացավ նրանցից մեկը՝ ի պատասխան փոխմարզպետի մեղադրանքի, թե չեն ուզում ենթարկվել Հայաստանի օրենքներին ու Կառավարության որոշումներին։
Ըստ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի՝ Շիրակի մարզում այսօր առկա է 6 սպանդանոց, որից 4-ը՝ ընդհանուր սպասարկման բնույթի, իսկ 2-ը՝ սեփականատերերի տնտեսության համար արտադրած անասուններին մորթի ենթարկելու: Միայն թե այդ ընդհանուր բնույթի սպասարկման 4 սպանդանոցից ընդամենը մեկն է գործում, որը գտնում է Հայկաձորում։
«Էդ մե հատ Հայկաձորինը չի կռնա սաղիս սպասարկե, ամեն գյուղում սպանդանոց պիտի ստեղծեն։ Ցուլին կռնա՞ս բառնաս տանիս, անցնիս 100 կմ, էդ միսն արդեն կվնասվի, 4-5 օր պիտի մնա, որ զարկված տեղերը ետ գա, սաղ հարց է»,- ասաց մսավաճառներից մեկը։
Ազատանցի անասնատերերից մեկն էլ բարձրաձայնեց, որ մի քանի օր առաջ զանգել է Հայկաձորի սպանդանոց, ասել՝ մորթի ենթակա անասուն ունի: Մինչ օրս կենդանին իր գոմում է, չեն եկել Ազատանից տավարին տեղափոխելու։ «Ըսին՝ 40 րոպեից գուքանք, հարի էսօր գուքան»,- ասաց նա։
