Ինչու է Հայաստանում քաղաքական դաշտը «ոչ հստակ»
Ի՞նչ քաղաքական ծրագրեր ունեն մեծ քաղաքական հավակնություններ ունեցող կուսակցություններն, այդ թվում Փաշինյան Նիկոլի խումբը: Հասկացանք, որ վերջինս ցանկանում է ամեն գնով մնալ իշխանության:
Հասկացանք, որ մնացածը, գոնե` մնացածի մեծամասնությունը, ցանկանում են հեռացնել Փաշինյան Նիկոլին և անվրդով իշխել:
Սակայն, քաղաքական հավակնությունները բացառապես ինչ-որ անձի հետ կապելն առնվազն տարօրինակ է:
Օրինակ` ի՞նչ քաղաքական ուղղվածություն ունի «Բարգավաճ Հայաստանը»: Նա ա՞ջ է, ձա՞խ է, լիբերա՞լ է, պահպանողակա՞ն է: Ժամանակին`2018-ին, այդ կուսակցության պատգամավորները քվեարկեցին Փաշինյան Նիկոլի օգտին: Դրանից առաջ` 2014-ին, առերևույթ դեմ էին Սարգսյան Սերժին: «Բարգավաճականները» տարբեր ժամանակահատվածներում լուրջ ներկայացվածություն են ունեցել կառավարությունում: Ի՞նչ էին վերջիններս ցանկանում իրականացնել, որ չի ստացվել: Կամ ի՞նչ են ցանկանում իրականացնել և ինչպե՞ս է նրանց ծրագիրն ազդելու անձամբ ինձ վրա: Գույքահարկն իջեցվելու՞ է, աղբահանության գումարն իջեցվելու՞ է, Արծվաշենը վերադարձվելու՞ է, Սահմանադրությունը փոխվելու՞ է, վեոլիաները սաստվելու՞ են, արտաքին քաղաքական վեկտոր և դոկտրինա ունենալու՞ ենք, օրվա իշխանավորները քրեորեն հետապնդվելու՞ են … Ի դեպ, դիտարկումները միայն «Բարգավաճ Հայաստան»-ին չեն ուղղված:
Խոշոր և մեծ հավակնություններ ունեցող կուսակցություններից միայն ՀՅԴ-ն ունի ուղղվածություն: Վերջինս սոցիալիստական է: Լավ է դա, թե վատ, ճիշտ են ասում, թե սուտ այլ խնդիր է: Փաստ է` կուսակցությունն ունի սոցիալիստական ծրագիր և նպատակներ (հիշեցնեմ, որ սոցիալիստական գաղափարախոսությունը 2018-ին չխանգարեց ՀՅԴ-ի պատգամավորներին Փաշինյան Նիկոլին ընտրել): Բա մնացա՞ծը:
Անշուշտ, Փաշինյան Նիկոլին իշխանությունից հեռացնելը սուրբ գործ է, սակայն արդյո՞ք բնակչությանը չպետք է հետաքրքրի ապագան` այն ինչ պետք է լինի Փաշինյան Նիկոլից հետո:
Ցավոք, նորանկախ Հայաստանում առանց բացառության բոլոր ընտրություններում մարդիկ ընտրում են անձին, այլ ոչ գաղափարախոսությունը կամ քաղաքական վեկտորը: Դա կարող է նշանակել, որ Հայաստանի բնակիչների մեծ մասը դեռ ԽՍՀՄ-ում է ապրում և տարատեսակ գորբաչովների անընդհատ փնտրտուքի մեջ է:
