Ֆեյսբուքից դուրս չեկող իմքայլականը հորդորում է դուրս գալ Ֆեյսբուքից

Ամբողջ օրը Ֆեյսբուքից դուրս չեկող Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողներին հորդորում էր դուրս գալ Ֆեյսբուքից, որ հստակ պատկերացում կազմենք` իրենց իշխանության վարկանիշը ընկե՞լ է, թե՞ բարձրացել:
Եվ սա ասում է Ֆեյսբուքի միջոցով իշխանության եկած, իր ողջ քաղաքական օրակարգը Ֆեյսբուքում ձևավորող, ամբողջ օրը Ֆեյսբուքում զվռնող ու վիրտուալ մարտեր մղող իշխանության ներկայացուցիչը, որն առավոտից իրիկուն Ֆեյսբուքում է իր քաղաքական կարիերան կառուցում: Սա ասում է մի թիմի անդամ, որի ղեկավարը որտեղ նստում, մի կտոր հաց է ուտում, այդ մասին Ֆեյսբուքում գրառում է կատարում: Ու հիմա այդ նույն թիմի ներկայացուցիչն այսօր մեզ հորդորում է դուրս գալ Ֆեյսբուքից ու շփվել իրական քաղաքացիների հետ, որ պարզ դառնա` ինչ են մտածում ՀՀ քաղաքացիները իրենց մասին: Թերևս նույն խորհուրդը պետք է տալ իրեն` Ալեն Սիմոնյանին ու մյուս «պադավատային» իմքայլականներին, որոնք ՀՀԿ-ակաների նման այնքան են կտրվել իրականությունից ու հասարակ ժողովրդից, որ տեղյակ չեն` ինչ է մտածում ժողովուրդն իրենց մասին:
Սիմոնյանը նաև անդրադարձավ ՀՀԿ-ական օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարությանը, թե մի օր ինքն է այս իշխանություններին փռելու ասֆալտին և իր կոշիկները սրբելու նրանց վրա:Սիմոնյանն այստեղ բորբոքվեց` փորձելով հիշեցնել, թե որն է, իր բնորոշմամբ, նախկինների տեսակը:
«Ես և մեր ՀՀ քաղաքացիները գիտեն, թե դուք որ տեսակն եք, դուք զինվորական բժշկին ախռանիկներով, քացեքով տեսակն եք:Դուք մարդ առևանգող, տարածքներ խլող, ընտրություններ կեղծող, մականունավոր ախռանիկներով ման եկող տեսակ եք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Hraparak.am-ը փորձեց հիշեցնել իշխանական պատգամավորին նաև իրենց տեսակի մասին, թե ինչպես Վայոց Ձորի մարզում մարզպետի օգնականը ու մտերիմները, իսկ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների` նաև մարզպետն ինքը ծեծելով կոմայի մեջ գցեցին ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայի, որից հետո մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց:
Բայց Ալեն Սիմոնյանը, որը շատ է սիրում անհարկի դիտողություն անել լրագրողներին իբր իրեն ընդհատելու համար, էթիկայի կոպիտ խախտումով ընդհատեց մեր հարցը, որ չշարունակենք իրենց տեսակը բնութագրող մեր հարցը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )