Փետրվար ամսվա նկատմամբ մարտ ամսում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի աճ շուրջ 3800-ով, բայց իրական պատկերը կստանանք, երբ կունենանք ապրիլի տվյալները. ՊԵԿ նախագահ
Մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկը ներկայացվում է մինչև ապրիլի 20-ը, ապրիլի 21-ի դրությամբ ունենք արդեն վերլուծված տեղեկատվություն մարտ ամսվա տվյալներով, փետրվար ամսվա համեմատ արձանագրվել է աշխատատեղերի աճ շուրջ 3800-ով, ոչ թե նվազում: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ասուլիսին հայտարարեց Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արտակարգ դրության ընթացքում որքանով է պակասել գրանցված աշխատեղերի քանակը:
«619․900 աշխատատեղ հայտարարագրվել է ապրիլի 21-ի դրությամբ մարտ ամսվա տվյալներով և 616․200 աշխատատեղ հայտարարագրվել է մարտի 20-ի դրությամբ փետրվար ամսվա տվյալներով, հունվարի համեմատ փետրվարի աշխատատեղերի աճը եղելէ 14․4 հազար: 3800 աճը պայմանավորում ենք համաճարակային իրավիճակով, բայց մեր կարծիքով ապրիլ ամսվա ընթացքում ավելի շատ կունենանք այդ ազդեցության իրական պատկերը, երբ մայիսի 21-ի դրությամբ կվերլուծենք ապրիլ ամսվա եկամտային հաշվարկներում արտացոլված տեղեկատվությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին եռամսյակի բյուջեի կատարողականին՝ Անանյանն ասաց, որ 2020-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի փաստացի կատարողականը կազմել է 349 մլրդ, նախորդ տարվա 299․5 մլրդ-ի համեմատ: «Այսինքն՝ 49․5 մլրդով ավել ենք կատարել, սակայն ծրագրային ցուցանիշն առաջին եռամսյակի համար նախատեսված էր 340 մլրդ, հետևաբար նաև 9․5 մլրդ ավել ենք գերակատարել առաջին եռամսյակի համար հաստատված ցուցանիշի համեմատ»,- նշեց նա:
Հարցին՝ արդյոք հարկային արտոնություններ կտրվե՞ն մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողներին, այսինքն՝ նրանց, որոնք այս ընթացքում չեն աշխատել, նա նշեց, որ այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել, նաև չեն գերենացրել հարկման օբյեկտներ, հետևաբար չեն ունենալու հարկային պարտավորություններ: «Կառավարության այսօրվա դիրքորոշումն այնպիսին է, որ հարկային արտոնություններ, որոնք իրենցից ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում, այդպիսի հարկային արտոնություններ այսօր չեն քննարկվում:Կարող են քննարկվել հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ: Ոչինչ բացառել պետք չէ, բայց հարկային արձակուրդների թեմա կարող է քննարկվել՝ ելնելով նրանից, թե դեպքերի զարգացումներն ինչիպիսի ընթացք կստանան»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ներգնա զբոսաշրջային ընկերություններին, որոնք այսօր ամենաշատը տուժած ոլորտներից են և ունեն 0 եկամուտ, սակայն ստիպված են առաջին եռամսյակի համար հարկային մարմնին կանխավճար տալ նախորդ տարվա վճարած հարկերի 20 տոկոսի չափով, Անանյանը նշեց, որ խոսքը գնում է շահութահարկի կանխավճարի մասին:
«Օրենսդրությամբ կա հնարավորություն․ հարկ վճարողները կարող էին մինչև այս տարվա մարտի 20-ը ներկայացնել հայտարարություն և օգտվել շահութահարկի կանխավճարների այլընտրանաքային եղանակից, որը ենթադրում էր նախորդ եռամսյակի շրջանառության 2 տոկոսի չափով կանխավճարի դրույթ: Այսօր կանխավճարների տարկետման, կամ կանխավճարների երկարաձգման քննարկումներ չկան, բայց ցանկացած միջոցառում մենք կարող ենք քննարկել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Իրավիճակը չենք գնահատում այնպիսին, որ շահութահարկի կանխավճարները չեղարկենք, կամ հետաձգենք»,- շեշտեց նա:
