Փաշինյանի բարձրաձայնած թեզն ունի զարգացման անհրաժեշտություն. Կարեն Բեքարյան
Ստեղծվում է տպավորություն, որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում Մինսկի խմբի համանախագահությունն առաջարկել է լուծում, որը ձեռնտու է Ղարաբաղյան հակամարտության երեք կողմերից մեկին կամ երկուսին: Այս դեպքում միգուցե արժե՞ բացել փակագծերը՝ կոնկրետ ո՞ւմ: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որ Ադրբեջանի նախագահն ու Մինսկի խմբի համանախագահները կոնցեպտուալ կերպով համաձայնվեն աշխատել այնպիսի լուծման ուղղությամբ, որն ընդունելի կլիներ երեք ժողովուրդների համար:
Միևնույն Ժամանակ Կարեն Բեքարյանն ընդգծում է, որ երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման մասին վարչապետի հայտարարությունների քննադատությունը չի վերաբերել հարցին, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի առաջնորդը մտահոգվի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին, ինչը շահարկվում է իշխանությունների կողմից:
«Երբ մենք ինքնորոշման իրավունքը բերում ենք ընդունելիության դաշտ, մենք ուղղակիորեն փակում ենք ամենաէական դռներից մեկը՝ ինքնորոշման իրավունքը, նրա անօտարելիությունը հարգելու խնդիրը, և ստեղծում ենք մի իրավիճակ, որից շահեկանորեն դուրս գալու հավանականությունը, մեղմ ասած, մեծ չէ», – նշում է վերլուծաբանը:
Կարեն Բեքարյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա պաշտոնական այցի ընթացում ունեցած ելույթներին: Վերլուծաբանը հատկապես կարևորել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում ելույթի ժամանակ Խորհրդային Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ կիրառած խտրական քաղաքականության բարձրաձայնումը:
«Երբ Ադրբեջանը փորձում է իր ջանքերն ամեն կերպ ներդնել այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» եզրույթը կիրառելու և այնտեղ դիվիդենտներ ստանալու համար, խտրական վերաբերմունքի արդյունքում Ղարաբաղը և ոչ միայն Ղարաբաղը լքած մեր հայրենակիցների խնդիրը դառնում է շատ ակտուալ այդ կշեռքի մյուս նժարին: Եվ սա թեզ է, որն ունի զարգացման կարիք և անհրաժեշտություն», – նշել է Կարեն Բեքարյանը:
