<<Ֆեյսբուքը>>տրամադրում է տեղեկություն, որ անձը օգտվել է VPN ծառայությունից, ուրիշ ոչինչ, այնուհետև պետք է VPN-ից տվյալներ ստանալ, ինչը գրեթե անհնար է. փաստաբանը՝ ԱԱԾ-ում հարուցված <<ֆեյքի>>գործի մասին

Փաստաբան Դավիթ Սանդուխչյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է VPN հավելվածին, դրա օգտագործման եղանակներին ու անվտանգության կանոններին:

Խոսելով VPN հավելվածի հնարավորությունների մասին՝ Դավիթ Սանդուխչյանն ասաց, որ VPN-ը վիրտուալ մասնավոր ցանց է, դա միջոց է, որպեսզի մարդիկ ստեղծեն գաղտնագրված կապուղի, իրենց սարքի տեղակայման և այլ երկրում գտնվող ինչ-որ սերվերի հետ։

«Դա ստեղծվում է երկու սարքերի միջոցով՝ գաղտնագրելով: Ինչպե՞ս է դա արվում՝ կան տարբեր տեսակի կոդեր, որոնք օգտագործում են այդ ծրագրերում, և Դուք հաղորդում եք Ձեր տեղեկությունն այդ կապուղու միջոցով, որը ոչ ոք չի կարող որսալ:  Ավելի հասկանալի լինելու համար, պատկերացնենք բացօթյա գնացքով տեղափոխում եք մարդկանց կամ բեռներ, բոլորը տեսնում են ի՞նչ եք տեղափոխում և ո՞վ է տեղափոխողը, իսկ եթե անում եք փակ գնացքով, ոչ ոք չի կարող իմանալ, թե ներսում ինչ է, նույնը  VPN համակարգում է: Այն կապուղին, որը Դուք ստեղծում եք դրսի սերվերի հետ, դա գաղտնագրված է, և ոչ ոք ձեզ չի տեսնում։ Աշխարհում դա բոլորը օգտագործում են, որպեսզի օտարերկրյա IP (Internet Protocol) ստանան, դա անձին համացանցում   նույնականացնող համարն է: Այսինքն` երբ Դուք կապվում եք այդ սերվերի հետ, այդուհետ այդ սերվերն ինքն է դիմում տարբեր կայքերի, և կայքերը տեսնում են միայն այդ սերվերի IP-ին»,– բացատրեց նա:

Դավիթ Սանդուխչյանն ասաց, որ այդ ծրագրերը սովորաբար պաշտպանում են հակերային գրոհներից, սովորաբար ճիշտ է միշտ ակտիվ պահել VPN-ը, որովհետև եթե օգտվում եք անլար կապից, հաքերների համար շատ ավելի հեշտ է ներթափանցել, հաղորդագրությունները որսալ, դրա համար։ Ըստ մասնագետի՝ եթե մարդն օգտվում է բանկային կամ վճարման համակարգից, ընդորում՝ անլար սարքերով, ապա ցանկալի է միշտ VPN-ը միացրած պահել:

Հարցին, թե եթե օրինակ  ֆեյսբուքյան  կեղծ էջը VPN-ով է ղեկավարում, դա որքանով է հնարավորություն տալիս կամ տալիս է հնարավորություն, թե ոչ, պարզելու դրանով օգտվող անձնաց տվյալները, Դավիթ Սանդուխչյանն ասաց, որ VPN-ը ընդամենը միջոց է, որ ցանկացած անանուն հայտնվի սոցցանցում, եթե, իհարկե, գրագետ մարդ է:

«Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքին, որը ներկայացրել են Արա Սաղաթելյանին, Կարեն Բեքարյանին և ևս երկուս անձի, ենթադրաբար ԱԱԾ-ն դիմել է ֆեյսբուքյան համապատասխան ծառայությանը՝ խնդրելով այս և այլ օգտատերերի տվյալները: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը սովորաբար հատուկ ծառայություններին և իրավապահ մարմիններին միշտ տրամադրում է, որովհետև «ֆեյսբուք»–ը՝ որպես ամերիկյան ընկերություն, պատասխանատվություն չի կրում Հայաստանի քաղաքացիների տվյալները բացահայտելու համար և երկրորդը՝ իրենք սովորաբար աշխատում են օտարերկրյա իրավապահների հետ խոչընդոտներ չստեղծել: «Ֆեյսբուք»–ը տրամադրում է այն համարը, որը երևում է, որպես օգտատերերի մուտք գործած համար, իսկ այն հեշտ պարզվում է մի քանի այլ միջոցներով՝ տվյալների շտեմարանով, ո՞ւմ է պատկանում այդ համար»,- ասաց փաստաբանը:

Դիտարկմանը, թե այսինքն՝ այլ տվյալներ, եթե VPN հավելվածից է օգտվել, «Ֆեյսբուք»–ը չի՞ տրամադրում, Դավիթ Սանդուխչյանն ասաց, որ այդ տվյալները տալիս է VPN ծառայությունը.«Ես տեղյակ չեմ, թե արդյոք ԱԱԾ-ն դիմել է VPN ծառայությանը, և իրենք տվե՞լ են այդ տվյալները, թե ոչ, որովհետև դա դժվար է, և ինձ համար կասկածելի է: Ես կասկածում եմ, որ VPN ծառայությունն այդպես հեշտ ԱԱԾ-ին տվյալներ կտա, դա գրեթե անհնար է, թե կոնկրետ պահի ինչպիսի IP համարներից է օգտվել Գագիկ Սողոմոնյան կոչված ֆեյսբուքյան կեղծ օգտատերը: Այսինքն՝ կապը այն մարդկանց միջև, որոնց մեղադրում են, օրինակ՝ Արա Սաղաթելյանին և այդ Սողոմոնյան օգտատիրոջ միջև կապը պետք է հաստատվեր VPN ծառայության տրամադրած տվյալների օգնությամբ, որովհետև «Ֆեյսբուք»–ը ընդամենը կարող է ասել, որ այստեղ մտել են այս համարով VPN-ից օգտվող անձ և չգիտեմ դա ովքեր են»:

Դավիթ Սանդուխչյանն անդրադարձավ նաև հավելվածի օգտագործման տարբերակներին՝ նշելով, որ վճարովի VPN-ը սովորաբար անհատական է, իսկ կորպորատիվ VPN-ի դեպքում ավելին պետք է պարզել, թե ով է փաթեթից օգտվող անձը:

Tert.am-ը պարզաբանում խնդրեց նաև Արա Սաղաթելյանի պաշտպան Միհրան Պողոսյանից, թե արդյոք ԱԱԾ-ն գործի նյութերում տրամադրել է տվյալներ առ այն, որ VPN ծառայությունից տվյալներ է վերցրել կեղծ էջի կառավարման վերաբերյալ:

Միհրան Պողոսյանն ասաց. «Գործի նյութերում նման բան չկա, VPN-ից տվյալ չեն վերցրել: ԱԱԾ-ն միայն վերցրել է դատարանի IP վերահսկողության տակ պահվող VPN IP-ն, որին միանում են ՀՀ-ում հարյուրավոր մարդիկ, և ԱԱԾ-ն որոշել է, որ այդ հարյուրավոր օգտվողներից Գագիկ Սողոմոնյանը հենց Կարեն Բեքարյանն է, Արա Սաղաթելյանը, Արամ Սարգսյանը, իսկ Մհեր Ավագյանի մասով դա էլ չէին ասում: Իսկ IP-ն միայն մեկ բաժանորդ չի սպասարկում, գործում էլ նույնականացնող ոչինչ չկա»:

Միհրան Պողոսյանը նաև ասաց, որ հենց դա գործի խնդիրը, թե ինչու են մտածել, որ ՀՀ-ում այդ հավելվածից օգտվող հարյուրավոր քաղաքացիներից հենց Կարեն Բեքարյանը կամ Արա Սաղաթելյանն է Գագիկ Սողոմոնյան կեղծ օգտահաշվի կառավարողը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )