Վահագն Հովակիմյանի անունով ներկայացրած նախագծերի փաթեթը հանվե՞լ է օրակարգից
Իմքայլականները այսօր ոչ մի կերպ չէին կարողանում հստակ բացատրել՝ ինչու հետաձգվեց ԱԺ արտահերթ նիստը, ինչ տեխնիկական փոփոխություններ պետք է իրականացվեին աղմկահարույց նախագծերում, ինչից են հետ կագնել, հետո ինչ նախագիծ են բերելու օրակարգ և այսպես շարունակ։ ԱԺ պետաիրավական հարցերի ահնձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը իրարամերժ պատասխաններ տվեց, որից հասկացանք, որ ինքն էլ դեռ նորմալ տեղյակ չէ նախագծերի բովանդակությունից, հատկապես որ հայտարարեց՝ երկրում չի եղել, նոր է եկել, և խդրեց թույլ տանք՝ հասնի իր աշխատասենյակ, ուսումնասիրի, ասի։
Փորձեցինք նույն հանձնաժողովի անդամ և նույն խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից որևէ հասկանալի բացատրություն ստանալ՝ ինչ է տեղի ունենում, ի վերջո որ նախագիծն է հանվել, որը՝ մնացել և ինչ տեսքով։
«Կար երկու նախաձեռնություն, մեկը վերաբերում էր սահմանադրական մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի, Հանրաքվեի մասին օրենքի և ԱԺ կանոնակարգի, որից ենթադրվում էր, որ հանրաքվեի դրվող նախագծերը, ըստ էության, սահմանադրական դատարանի եզրակացությանը չպետք է ուղարկվեն։ Պարոն Վարդանյանը, երբ ասում էր՝ եթե հիշողությունը չի դավաճանում, այդ նախագիծը դուրս է եկել, խոսքը հենց դրա մասին էր։ Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել։ Այսօր մեկնարկելիք խորհրդի նիստից հետո արտահերթ նիստի ընթացքում քննարկվելու է, եթե խորհուրդը որոշի, բուն Սահմանարդությունում փոփոխություն կատարելու նախագիծը»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ խոսքը երեկ ներկայացված երկրորդ նախագծի մասին է, որի տակ 37 պատգամավոր էր ստորագրել։
Hraparak.am-ը փորձեց նորից հստակեցնել՝ ստացվում է, որ ի սկզբանե Վահագն Հովակիմյանի ստորագրությամբ ներկայացված նախագծերի փաթեթը եղե՞լ է արտահերթի օրակարգում և ԱԺ խորհրդի նիստում որո՞նք են նորից քննարկվելու։
Սիսակ Գաբրիելյանն ասաց․ «ԱԺ խորհրդի նիստում Սահմանադրությունում փոփոխություն կատարելու նախագիծը կքննարկվի»։ Վարդանյանն էլ նորից հավելեց, որ կարծես թե առաջին փաթեթը հանվել է։
