Ստուգումներ Սամվել Բալասանյանի գլխավորած կառույցում

Մի քանի օր է՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում։ Պալատի մի քանի աշխատակիցների սենյակներ են հատկացվել քաղաքապետարանի շենքում, որն էլ դարձել է Գյումրիով մեկ խոսակցության թեմա առ այն, թե նոր իշխանությունները Սամվել Բալասանյանին «մանրադիտակի տակ են պահում»․ գործերն են «քրքրում»:

Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանն Aravot.am-ին փոխանցեց, որ հերթական ստուգումներն են իրականացվում ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից։ Նշենք, որ պլանային ստուգումներ իրականացվում են երեք տարի մեկ անգամ։

ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական էջում էլ, որտեղ տեղադրված է 2019 թվականի գործունեություն ծրագիրը, և ներկայացած է, թե որ կառույցներում են ստուգումներն ավարտվել, որտեղ են ընթացքի մեջ, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, գիտության կոմիտեի և այլնի կողքին որպես հաշվեքննության օբյեկտ՝ նշված է նաև Գյումրու համայնքապետարանը։

ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ստուգվում է համայնքային բյուջեի միջոցների օգտագործումը, բյուջետային մուտքերի ապահովումն ու համայնքային սեփականության օգտագործումը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )