Չեմ կարծում, որ մեկ կիսամյակ հայոց լեզուն կրկնելը հայապահպանության խնդիր է լուծում. պատգամավոր
![]()
«Դասադուլներին վերաբերում եմ ինչպես ցանկացած այլ քաղաքացիական անհնազանդության։ Դա քաղաքացիների, այս դեպքում՝ ուսանողների, իրավունքն է և ես հարգում եմ։ Շատ լավ կլինի, որ պահանջներն էլ ձևակերպված իմանամ, այս պահին չգիտեմ պահանջների մասին, միայն գիտեմ, որ դասադուլ է այդ խոսակցությունների, որը նույնիսկ որոշում էլ չի»,- ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելուն՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
Պատգամավորի խոսքով ՝ դա պարզապես մեծացնում է ԲՈՒՀ-երի ինքնավարությունը։ «Եթե նման նախաձեռնություն լինի, ԲՈՒՀ-երն իրենք կընտրեն, թե որ առարկաներն են նախըտրում անցնել։ Եվ բացառված չէ, որ կընտրեն այդ առարկանները»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե շատերը դա հայապահպանությանը սպառնալիք են համարում, Ղազարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ 12 տարի դպրոցում հայ գրականություն, լեզու, պատմություն անցնելուց հետո բակալավրում ևս մեկ կիսամյակ հայոց լեզուն կրկնելը հայապահպանության խնդիր է լուծում։ Խնդիրները պետք է լուծվեն հանրակրթարաններում։ Իսկ Հայաստանի վարկանիշն ու զարգացումները լավ մասնագետները կարող են ապահովել»։
Հարցին, թե մտավախություն չկա, որ բազմաթիվ դասախոսներ գործազուրկ կդառնան, պատգամավորը նշեց. «Այդ մտավախությունը կա, անկեղծորեն ասած, քանի որ ինքս էլ այդ ֆակուլտետի շրջանավարտ եմ և գիտեմ, որ դասախոսների մեծ մասը կես դրույքը լրացնում էին ոչ մասնագիտական ֆակուլտետներում դաս տալով։ Սա պարզապես հնարավորություն է վերակազմելու ծրագրերը, որոնք դասավանդվում են ֆակուլտետներում։ Ոչ թե գնալ ու դպրոցում ստացած գիտելիքը վերակրկնել, այլ առաջարկել այնպիսի համագործակցություն դասախոսների կողմից, որն ընդունելի կլինի այդ ԲՈՒՀ-ի համար։ Իմ պատկերացմամբ, երբ ինձ դիրքավորում եմ այդ ֆակուլտետի շրջանավարտ, երբ այդ առաջարկը ձևակերպվի օրինակ ֆիզիկայի ֆակուլտետում մասնագիտական դասագրքերը հայերենով թարգմանելու դասընթաց, բոլոր բնագիտական, ոչ մասնագիտական առարկաները գրկաբաց կընդունեն այդ դասընթացները։ Դա կնպաստի համ գիտության հայերենաֆիկացմաը, համ էլ դասախոսները հնարավորություն կունենան իրենց ժամերը չկորցնելու»։
