Սորոսին <<քցել>> ենք, սուս…
ԱԱԾ-ն Աֆրիկայում էլ ԱԱԾ է: Վանեցյանը կլինի տնօրեն, թե մեկ ուրիշը, ոչ մի նշանակություն չունի: Ամբողջ հարցն այն է, որ ԱԱԾ-ն, ինչպես շատ այլ հատուկ ծառայություններ, իր ուրույն կյանքն ունի: Այնպես որ՝ մեծամտություն ենք դրսևորում, երբ հայտարարում ենք, թե չկա այնպիսի տեղեկություն, որ ԱԱԾ-ն ունենա, ու Նիկոլ Փաշինյանը չունենա: Գիգանտոմանիան կերել է Փաշինյանի լաքեյներին:
«Արթուր Վանեցյանն էդ քաշը չունի, որ ինձ հետ բանավիճի»,- սրանք Դավիթ Սանասարյանի խոսքերն են ԱԱԾ-ի մասին: Ոչ, ոչ, այստեղ սխալ չկա, ոչ թե Արթուր Վանեցյանի մասին, այլ հենց՝ ԱԱԾ-ի: Պարզապես Դավիթ Սանասարյանը դեռ այնքան չի մեծացել, որ հասկանա՝ Արթուր Վանեցյանն ու ԱԱԾ-ն ոչ թե հակադրելի, այլ բացառապես համադրելի երևույթներ են:
Հիշեցնեմ. «Երբ ասում ենք Լենին, հասկանում ենք կուսակցություն, երբ ասում ենք կուսակցություն, հասկանում ենք Լենին»: Արթուր Վանեցյանը չէ ԱԱԾ-ի հիմնադիրը, բայց դա էական չէ: Եթե նա անգամ մեկ ժամ ղեկավարած լիներ այդ կառույցը, միևնույն է, ընկալվելու էր որպես նրա անբաժանելի մասնիկը: Սա է, որ Դավիթ Սանասարյանը չի հասկացել, և ամեն անգամ, երբ Վանեցյանը հայտնվում է իրադարձությունների կենտրոնում, փորձում է շահարկել իր դեմ հարուցված քրեական գործը՝ իբր Վանեցյանից հալածված մարդու գործ: Մինչդեռ գործը հարուցել է ԱԱԾ-ն և, վստահաբար, ոչ առանց հիմքերի: Ես Դավիթ Սանասարյանին խորհուրդ կտայի՝ հարգանքով խոսել Վանեցյանի մասին և պատրաստվել տղամարդավարի ընդունել ապագա դատավճիռը:
