Ռուսները բնականաբար չեն կարող «կտրուկ» հրաժարվել այդ պատասխանատվությունից, բայց մյուս կողմից ընտրել են նաեւ տակտիկական տեղատվության սցենարը

Հայաստանում կա տարածված տեսակետ, որ Արեւմուտքն անվտանգության հարցում պատասխանատվություն կստանձնի այն դեպքում, երբ կկարգավորվեն հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները:
Բայց, ամբողջ հարցն այն է, որ Հայաստանին անվտանգային դաշնակցային արտաքին պատասխանատու աջակցություն պետք է հենց մինչ այդ, ոչ թե դրանից հետո:
Պետք է մինչ այդ, որովհետեւ Հայաստանն ինքն իր ներուժով անկարող է ապահովել ուժերի այնպիսի նվազագույն հավասարակշռություն, որը կարող է լինել ցանկացած իրական կարգավորման հիմք: Կարգավորման հիմքերը թղթերը չեն, այլ ուժերի բալանսը: Երբ վերանում է բալանսը, թղթերը արագորեն «ճմրթվում» են:
Ահա, հենց հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերության բալանսավորված կարգավորման իրատեսականության համար է, որ Հայաստանն ունի արտաքին դաշնակցային պատասխանատու աջակցության կարիք, բնականաբար իր ներուժի առավելագույնն անելու աներկբայությամբ:
Արեւմուտքը անկասկած գիտե դա, բայց ինքն էլ չունի դրա կարիք, այդ պատասխանատվությունը ստանձնելու կարիքը, քանի որ դա նշանակում է դառնալ կողմ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ:
Արեւմուտքի համար գրեթե «իդեալական» է, երբ այդ պատասխանատվությունը Ռուսաստանի վրա է, հատկապես այսօր խնդիրների մեջ թաղված Ռուսաստանի, որի համար այդ պատասխանատվությունը դարձել է գրեթե անհաղթահարելի ծանրություն:
Հետեւաբար, իրերի այդ դրության պահպանման հարցում թիվ մեկ շահառուն հենց Արեւմուտքն է՝ Հայաստանի համար «պատասխանատվությունը» պետք է մնա Ռուսաստանի վրա, Ռուսաստանը չպետք է դուրս գա այդ «փոսից»:
Ռուսները բնականաբար չեն կարող «կտրուկ» հրաժարվել այդ պատասխանատվությունից, բայց մյուս կողմից ընտրել են նաեւ տակտիկական տեղատվության սցենարը, միաժամանակ սուր արձագանքելով արեւմտյան ակտիվության հանդեպ՝ ԵՄ դիտորդներ, վաշինգտոնյան գործընթաց եւ այլն, ինչը Արեւմուտքի վրա «պատասխանատվության» բաժին դնելու իրենց մեթոդն են: Դա իհարկե անհամեմատ թույլ մեթոդ է, բայց ռուսները չունեն այլ տարբերակներ:
Այս պայմաններում, Հայաստանի անելիքն իհարկե չափազանց բարդ է եւ նվազագույնը պահանջում է խաղալ բոլոր հնարավոր ուղղություններով, եւ ավելին՝ յուրաքանչյուր ուղղությամբ գուցե նույնիսկ խաղալ մի քանի «գծերով», գտնել դա անելու հնարավորությունը:
Share This