Ռուսաստանը դարձյալ սպառնում է Հայաստանին
Բոլորովին վերջերս,Հաագայի միջազգային դատարանը փաստացի ռազմական հանցագործ ճանաչեց ՌԴ նախագահ Վ.Պուտինին,նրան մեղադրելով ուկրաինացի հազարավոր երեխաների անօրինական կերպով Ռուսաստան տեղափոխելու,ըստ էության,առևանգելու մեջ։ Չխորանալով Հաագայի միջազգային դատարանի կայացրած այս վճռի բովանդակության և մասնագիտական նրբությունների մեջ,դրանց մեկնաբանությունը թողնելով միջազգային իրավունքի մասնագետների գնահատմանը,այնուամենայնիվ նշենք մեկ կարևոր փաստ՝ՌԴ նախագահ Պուտինին սպառնում է ձերբակալություն աշխարհի թվով 123 երկրների տարածքում,որոնք միացել են Հռոմի Ստատուտին,այս կերպ պարտավորություն ստանձնելով իրենց երկրների տարածքում կատարել Հաագայի միջազգային դատարանի կայացրած բոլոր վճիռներն ու որոշումները։ Առաջին հայացքից խնդիրը կարծես թե գտնվում է զուտ իրավական դաշտում,սակայն բոլորս էլ հասկանում ենք,որ երբ խոսքը վերաբերում է աշխարհի միջուկային գերտերություններից մեկի առաջնորդի ճակատագրին,այն պարզապես չի կարող իր մեջ չունենալ քաղաքական բաղադրիչ։ Իհարկե,դեռ մեծ հարց է,թե Վ.Պուտինը արդյո՞ք ցանկություն կունենա ռիսկի դիմել,այցելելով Հռոմի Ստատուտին միացած երկրներ,և հետո ի՞նչ երաշխիքներ կան,որ այդ պետություններից որևէ մեկը,ելնելով քաղաքական նպատակահարմարությունից,չի խախտելու իր իսկ ստանձնած պարտավորությունը,հրաժարվելով ձերբակալել ՌԴ առաջնորդին։ Համենայնդեպս,ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը,քաղաքական և տնտեսական գլոբալ շահերը ամենևին էլ չեն տարանջատվում իրավական գործընթացներից,այլ ճիշտ հակառակը,եթե կուզեք,փոխլրացնում են միմյանց։ Իսկ փլուզվող աշխարհակարգի պայմաններում ոչինչ բացառել չի կարելի։ Ռուսաստանի պաշտոնյաները արդեն իսկ հայտարարել են այն մասին,որ Պուտինի ձերբակալությունը (եթե,իհարկե,նման բան տեղի ունենա) իրենք կհամարեն ՌԴ-ը պատերազմ հայտարարելուն հավասարազոր քայլ։ Ինչևէ,վերադառնանք Հայաստան: Մեր երկիրը,ինչպես հայտնի է,նույնպես ցանկություն է հայտնել միանալ Հռոմի Ստատուտին։ Սահմանադրական դատարանն ամիսներ շարունակ քննության էր առել այն հարցը,թե արդյո՞ք ՀՍ-ին միանալը չի հակասում ՀՀ հիմնական օրենքին՝Սահմանադրությանը։ Այստեղ հարկ է նշել,որ ՍԴ-ն՝օրենքի համաձայն պարտավոր է 4 ամսից ոչ ուշ ժամկետում կայացնել որոշում։ Եվ ահա եկավ այդ օրը,ՍԴ-ն վճռեց,որ վերընշված իրավական այդ գործընթացը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։ Սակայն,որպեսզի Հայաստանը լիարժեքորեն միանա ՀՍ-ին,անհրաժեշտ է որպեսզի ԱԺ-ը վավերացնի այդ փաստաթուղթը։ Այսպիսով,պրոցեսն,ըստ էության,դեռևս անավարտ է մնում։ Երբ լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին,թե ՀՍ-ին միանալուց հետո,երբ ՌԴ նախագահը ժամանի Երևան,արդյո՞ք ՀՀ իշխանությունները կձերբակալեն նրան,Սիմոնյանը փորձեց ՔՊ-ականին վայել խուսափողական պատասխան տալ,բայց այնուամենայնիվ նշեց,որ շատ դժվար է իրեն պատկերացնում,թե դա ինչպես է տեղի ունենալու։ Բայց Ռուսաստանի արտգործնախարարությունը փորձեց ժամանակից առաջ ընկնել և օրերս աննախադեպ կոշտ հայտարարություն հնչեցրեց մեր երկրի հասցեին։ Պաշտոնական Մոսկվան նախազգուշացրեց Երևանին,որ Հռոմի Ստատուտին միանալը ծայրահեղ բացասական հետևանքներ կունենա հայ-ռուսական՝առանց այն էլ բարդ հարաբերությունների վրա։ Կարծում եմ,սա միայն նախազգուշացում համարել չի կարելի,սա Հայաստանի հասցեին ուղղված բացահայտ սպառնալիք է։ Այսօրվա Ռուսաստանը անկանխատեսելի երկիր է և Հայաստանի վրա,ցավոք սրտի,ունի ազդեցության մեծ լծակներ։ Եվ ուրեմն,Մոսկվայից կարելի է սպասել ամեն ինչ։ Պուտինյան իշխանությունն,ինչպես հայտնի է,միջոցների մեջ խտրականություն չի դնում։ Բայց,ուրիշներին մեղադրելուց առաջ,եկեք մի պահ փորձենք հասկանալ նաև,թե մենք ո՞րտեղ ենք թերացել։ Ինչու՞ այս 5 տարիների ընթացքում,փաշինյանական իշխանությունը այդպես էլ ոչ մի լուրջ քայլեր չձեռնարկեց՝Ռուսաստանից մեր երկրի կախվածությունը գոնե մի քիչ նվազեցնելու ուղղությամբ։ Չէ որ,Հայաստանի անկախության և ինքնիշխանության պաշտպանության համար դա օդ ու ջրի նման անհրաժեշտ է։
Արթուր Օգանեզով (Ambion-News-ի քաղաքական մեկնաբան)
