Ռոհանին կգա Հայաստան․ թեր եւ դեմ մոտեցումներ
Հայաստանում Իրանի դեսպանը իրանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին Իրանի նախագահ Հասան Ռոհանին այց է կատարելու Հայաստան։ Սա ինչ խոսք եւ սպասված այց է, քանի որ Իրանի ղեկավարների վերջին այցը Հայաստան եղել է տասը տարի առաջ։ Եվ բացի այդ, այցը կարեւոր է, որովհետեւ Իրանը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, ու արտաքին աշխարհի հետ կապն ապահովողներից մեկը։ Սակայն խնդիրը միայն հայ-իրանական հարաբերությունների տիրույթում չէ։ Դեռ ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահը հրավիրվել է Հայաստան։ Այս մասին հայտարարել էր Իրանի նախագահի գրասենյակը։ Դեռ այն ժամանակ խոսվեց, որ այցը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին, որպեսզի Իրանի նախագահը մասնակցի նաեւ ԵԱՏՄ Երեւանյան սպասվող գագաթնաժողովին։ Սոչիում Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպման հետաձգումը արդեն հուշում էր, որ Պուտինն ու Ռոհանին կարող են հանդիպել Երեւանում։ Ասել է, թե Ռոհանին Հայաստան գալիս է հատկապես Պուտինի հետ հանդիպելու։ Սակայն չպետք է մոռանանք, որ Ռոհանին մի այնպիսի երկրի ղեկավար է, որն այսօր ունի գերլարված հարաբերություններ ԱՄՆ հետ։ Այս այցից հետո դժվար թե երբեւէ Փաշինյանն ու Թրամփը հանդիպեն։ ԱՄՆ-ն կարող է սա դիտարկի որպես դեմարշ իրեն ու համապատասխան հետեւություններ անի։ Առանց այն էլ, հայ սակրավորներին Սիրիա ուղարկելով /որոնք պատրաստություն էին անցել ամերիկյան փողերով/ Վաշինգտոնում Երեւանի հանդեպ բավական կոշտ կեցվածք որդեգրելու առիթ դարձավ։ Հուսանք, որ վիճակն ավելի չի բարդանա։
