Ջորջինա Ռոդրիգեսը Ռոնալդուի հետ ներկա է գտնվել MTV EMA 2019 մրցանակաբաշխությանը և ներկաներին հիացրել իր շլացուցիչ տեսքով
Պորտուգալիայի ազգային հավաքականի և իտալական «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ կիրակի ներկա է գտնվել MTV EMA 2019 երաժշտական մրցանակաբաշխությանը, գրում է Daily Mail-ը:
25-ամյա Ջորջինան շլացուցիչ տեսք է ունեցել իր խորը լանջաբացվածքով մուգ կապույտ զգեստով:
Երկարաթև զգեստի հետ Ռոնալդուի ընկերուհին կրել է նաև սպիտակ բարձրակրունկներ և կլոր ու կախ ընկած ականջօղեր: Ջորջինան աչքի է ընկել շքեղ վարսերով և նուրբ դիմահարդարմամբ:
Հայտնի ֆուտբոլիստը կրել է վառ կարմիր կոստյում:
Ավելի վաղ «Բարի լույս, Բրիտանիա» հաղորդմանը տված հարցազրույցում հանրահայտ ֆուտբոլիստը հայտնել էր, որ պատրաստվում է ամուսնանալ ընկերուհու հետ, ինչպես նաև խոստովանել էր, որ դա իր մոր երազանքն է:
«Նա ինձ այնքան է օգնել: Անխոս, ես սիրահարված եմ նրան»,- Փիրս Մորգանի հետ զրույցում ասել էր Ռոնալդուն՝ պատասխանելով ընկերուհու հետ ամուսնության վերաբերյալ հարցին և հավելել, որ մի օր անպայման կամուսնանա Ռոդրիգեսի հետ:
«Դա նաև մորս երազանքն է»,- հայտնել էր ֆուտբոլիստը և հավելել. «Նա (Ռոդրիգեսը) իմ ընկերն է: Ես նրա առջև բացել եմ սիրտս, ու նա նույնն է արել»:
Այս տարի հեղինակավոր երաժշտական մրցանակի հանձնումը տեղի է ունեցել իսպանական Սևիլյա քաղաքում: Երկու անվանակարգերում հաղթող է ճանաչվել Բիլի Այլիշը: Լավագույն փոփ երգչուհի է ճանաչվել ամերիկուհի Հոլզին, երկրպագուների ամենամեծ բանակի համար մրցանակ է ստացել hարավկորեական BTS խումբը, իսկ հիփ-հոփ ժանրի լավագույն կատարող է ճանաչվել Նիկի Մինաժը:
