Պուտինը Մեդվեդևին ծննդյան օրը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին, որը կիրակի դառնում է 60 տարեկան, պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Այսպիսով, Մեդվեդևը դարձել է այս շքանշանի լիիրավ ասպետ։
Ինչպես հետևում է հրամանագրից, Մեդվեդևը պարգևատրվել է «ռուսաստանյան պետականության ամրապնդման և Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած մեծ ավանդի համար»։ Շքանշանի մյուս աստիճանները՝ I, II, III, նա ստացել է համապատասխանաբար 2015, 2005, 2020 թվականներին։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը Ռուսաստանի Դաշնության պետական պարգև է։ Այն շնորհվում է ռուսաստանյան պետականության ամրապնդման, սոցիալ-տնտեսական զարգացման և երկրի պաշտպանունակության բարձրացման, գիտահետազոտական գործունեության, մշակույթի և արվեստի զարգացման հետ կապված առանձնահատուկ ակնառու ծառայությունների համար։
Բացի այդ, շքանշանով պարգևատրում են ակնառու սպորտային նվաճումների, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության և համագործակցության ամրապնդման համար։
