Ում են սպասում ու ինչի՝ փոխանակ կոնկրետ գործողություններ սկսեն
Շատերի համար թերեւս զարմանալի կարող է թվալ, սակայն արդեն երեք տասնամյակ անկախացած Հայաստանում քաղաքական համակարգը կարելի է ասել չի կարողանում կայանալ։ Նույնիսկ հիմա, երբ հեղափոխություն է եղել, շատ իրողություններ փոխվել, են, ու թվում էր, թե խթան է լինելու ընդհանուր նվաճումները նաեւ քաղաքական համակարգի կայացման համար, սակայն իրականությունը լրիվ այլ է։ Ընդհանուր տրամադրությունները սպասողական են։ Սպասում են բոլորը։ Ում, ինչի, իհարկե ամեն մեկն ունի իր պատասխանը, սակայն սպասողականություն կա, թեեւ ասում են, երբեմն շատ սպասելով կարելի է պարզապես ուշանալ։ Փաշինյանն ինչ որ բանի է սպասում, հայտնի չէ՝ դրսից եկող ազդակների թե ներսում ինչ որ պրոցեսների։ Իր թիմակիցները նույնպես սպասում են, ամեն մեկն իր օրակարգով, իր շրջանակով, իր սպասարկած շահերով։ Իշխանական թիմում եղած կենտրոնախույս ըմբոստները սպասում են, որպեսզի Փաշինյանը վերջնականապես «մաշվի» որպեսզի հարմար առիթի կամ հանրային ցնցման դեպքում քայլ անեն։ Ընդդիմադիրներն էլ սպասում են, որ Փաշինյանը վերջնականապես «մաշվի» նոր փորձեն հեռացնել նրան իշխանությունից։ Իշխանական թիմում եղած մյուս խմբավորումներն էլ նույն տրամադրությունների մեջ շարունակում են սպասել։ Ամեն մեկն արդեն դիրքավորված, իր շրջանակներրը, կապերը ստեղծած զգուշավոր կերպով սպասում է։ Նույնիսկ արտաքին աշխարհում են սպասում։ Նույնիսկ Ալիեւն էլ է սպասում, որ Փաշինյանը խեղճանա ու բանակցություններում թույլի դիրքերում հայտնվի։ Սակայն իրականում կոնկրետ գործողությունները, պրոցեսներին իմպուլս հաղորդելը երբեմն արագացնում է ամեն բան ու բերում լուրջ հանգուցալուծման։ Ինչու օրինակ իշխանության մեջ եղած կենտրոնախույս ըմբոստները չեն բարձրացնում ապստամբության դրոշ, ինչու չեն հայտարարում խմբակցությունից դուրս գալու, ինքնուրույն միավոր դառնալու ու այդ կերպ ժողովրդին առաջնորդելու մասին։ Չէ որ արդեն անցել է ոգեւորության ալիքը եւ հանրային տրամադրություններում արդեն կասկածները բույն են դրել, մարդիկ սկսել են հարցեր տալ։ Չէ որ առջեւում Ամուլսարի խնդիր կա, Ստամբուլյան կոնվենցիայի խնդիրը կա, ի վերջո, երբեք չպետք է մոռանալ Ղարաբաղյան խնդրի մասին։
