Գյումրիում անչափահասի նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ հայրը պահանջում է լիարժեք քննություն

Գյումրիում անչափահաս երեխայի նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Դեպքի մասին ահազանգած երեխայի հայրը՝ Վանիկ Գրիգորյանը, պնդում է, որ շուրջ երկու տարի անց գործով, իր գնահատմամբ, բավարար առաջընթաց չկա և պահանջում է ապահովել լիարժեք ու բազմակողմանի քննություն։

Ըստ հոր հաղորդած տեղեկությունների՝ իր անչափահաս դստեր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարվել Գյումրիի «Ստրոմմաշ» թաղամասի բնակիչ Արման Սահրադյանի կողմից։ Հայրը պնդում է, որ դեպքերի հետևանքով աղջիկը հղիացել է, իսկ հղիությունը հետագայում ընդհատվել է։

Վանիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ դստեր նկատմամբ սեռական ոտնձգության մեկ այլ դեպք, ենթադրաբար, իրականացրել է հարևանությամբ վարձակալությամբ բնակվող մեկ այլ տղամարդ։ Հոր խոսքով՝ վերջինս նույնպես օգտվել է երեխայի անօգնական վիճակից։

Բացի այդ, Գրիգորյանը պնդում է, որ նույն Ա.Ս.մեկ այլ միջադեպի ժամանակ ֆիզիկական բռնություն է գործադրել նաև իր ավագ դստեր նկատմամբ։

Հոր հաղորդման հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Վանիկ Գրիգորյանը դժգոհություն է հայտնում գործով քննության ընթացքից՝ նշելով, որ իր կողմից իրավապահներին ներկայացվել են ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տվյալներ։ Նա նաև հարցեր է բարձրացնում Շիրակի մարզի դատախազության և գործով քննություն իրականացրած ու իրականացնող քննիչների գործողությունների վերաբերյալ։

Միաժամանակ, ներկայացված տեղեկությունները այս փուլում հանդիսանում են երեխայի հոր հայտարարություններ և ենթակա են իրավապահ մարմինների կողմից ստուգման։ Մեղավորության վերաբերյալ վերջնական գնահատական կարող է տրվել միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Երեխայի հայրը պահանջում է, որպեսզի իրավապահ մարմինները ապահովեն գործի ամբողջական, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը, պարզեն ներկայացված բոլոր հանգամանքները և, հանցագործության փաստը հաստատվելու դեպքում, մեղավոր անձանց ենթարկեն օրենքով սահմանված պատասխանատվության։

Share This