Փաշինյանը լուրջ հնարավորություն բաց թողեց, որի հետեւանքները դեռ կզգացվեն
Եվ այսպես, այսօր հայտնի դարձավ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Ինչպես բավական դիպուկ էր նկատել նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը, դատավոր Դանիբեկյանից այլ բան ակնկալելը պարզապես միամտություն կլիներ։ Իշխանությունը կարելի է ասել, բավական լուրջ հնարավորություն բաց թողեց իր ձեռքից, կապված ներքին լարվածությունը փոքրիշատե թուլացնելու, հայ-ռուսական հարաբերություններում եղած վստահության պակասը եւ փոխադարձ անհասկացողությունը մեղմելու համար, ինչը լիովին հնարավոր էր Քոչարյանի՝ գոնե այս փուլում գրավի դիմաց ազատ արձակումով։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն գնով կենաց մահու պայքար մղել երկրորդ նախագահի հետ, հասկանալի է, վախենալով այն հնարավոր հետեւանքներից, որը կարող է առաջ գալ երկրորդ նախագահի՝ ազատության մեջ գտնվելով ու քաղաքականության մեջ ակտիվանալով, թեեւ նույնիսկ բանտից, դժվար է ասել, թե նա ակտիվ չէ որպես քաղաքական գործոն։ Սա կարելի է ասել Փաշինյանի ժամանակավոր հաղթանակն է, սակայն կա հաղթանակ էլ ու Պյուռոսյան հաղթանակ էլ։ Տասնամյակներ շարունակ հասարակության մեջ ատելություն գեներացնելով ու այն հունավորելով նաեւ երկրորդ նախագահի դեմ, Փաշինյանը որոշակի նպատակների իհարկե հասել է։ Սակայն ամեն դեպքում խաղը միայն այսքանով չի ավարտվելու։ Հասկանալի է, որ Քոչարյանի գործը մտնելու է եվրոպական դատարան, իսկ այնտեղ արդեն լրիվ այլ կանոններ են գործում։ Ամեն դեպքում պարզ է, որ այս փուլում ռուսական բարեհաճությունը կշարունակի Փաշինյանը շահել զիջումներով, քանի որ քրդերի օրինակով հասկանում է, որ այլ կերպ լինել չի կարող իսկ ռուսներից հրաժարվելը կնշանակի կորցնել Արցախն ու ողջ Հայաստանը։
