Ինչ էր ուզում իմանալ դեսպան Թրեյսին Սերժ Սարգսյանից
Նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Մեկուկես տարի անց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից, ԱՄՆ դեսպանի այս քայլը բավական բազմիմաստ է ու շատ բան ասող։ Նույնիսկ շատ լակոնիկ գրված մամլո հաղորդագրությունը հուշում է, որ Միացյալ Նահանգները ակնհայտորեն սկսել է տարբեր ուղղություններով ինֆոհոսքերի նոր ծավալների “մարսումը” եւ տարբեր ուղղություններ ներկայացնող կողմերի տեսակետների հաշվառումը։ Սա մի քանի պատճառներ ունի։ Նախ, այն, որ ԱՄՆ-ն ամեն դեպքում չի ուզում սահմանափակվել միայն իշխանական խողովակներով ստացած ինֆորմացիայով։ Երկրորդ ազդակ է ուղարկում, որ իր համար նորմալ հարաբերություններ ունենալը կարեւոր է նաեւ նախկին իշխանությունների հետ եւ օրինակ Սերժ Սարգսյանի հետ շփման համար ԱՄՆ-ն առանձնապես կաշկանդվելու առիթ չունի որպես մոլորակի թիվ մեկ գերտերություն։ Բացի այդ, հատկապես ներքաղաքական ու Ղարաբաղյան ասպեկտներով քննարկումները որոշակիորեն ցույց են տալիս, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԱՄՆ-ն գուցե փորձում է ռեսթարտ անել իր քաղաքական գիծն այս ուղղություններով, եւ հիմա իր համար նոր գործընկերներ է ընտրում։ Ամեն դեպքում հաղորդագրության տոնայնությունը վկայում է այդ գործընկերության կայացման կամ փոխհամաձայնության ձեռքբերման մասին։
