ՈՐԵՒԷ ԿՈՄՊՐՈՄԻՍ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում լրագրողների իրավունքների սահմանափակման թեմայով քննարկում էր կազմակերպել։ Մասնակցում էին ինչպես ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներ, այնպես էլ լրագրողական եւ մեդիապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, խմբագիրներ, ներկա էր նաեւ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։ Դանիել Իոաննիսյանի ջանքերով փորձ արվեց քննարկումը տեղափոխել լրագրողական էթիկայի կանոնների սահմանման եւ քննարկման տիրույթ, որը կանխվեց մեր կողմից։

Քննարկման ավարտին Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ ինքն արձանագրություն կկազմի այս քննարկման արդյունքների վերաբերյալ, իսկ լրագրողներն էլ որոշեցին չթուլացնել պայքարը։ Սաթիկ Սեյրանյանը կոչ արեց միավորվել եւ որեւէ կոմպրոմիսի չգնալ իշխանությունների հետ ու ամեն գնով հասնել սահմանափակումների վերացմանը։

Որոշվեց, որ այսօր լրագրողները, խմբագիրները կհանդիպեն մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, որը պատրաստ է ընդունել մեզ։ Հաջորդ օրը քննարկում է նախատեսել Սաթիկ Սեյրանյանը՝ Ժուռնալիստների միության կողմից։ Նաեւ մտադիր են քննարկել իրավաբանների հետ, որպեսզի դիմեն վարչական դատարան, այլ դատարաններ՝ ԱԺ որոշման անօրինականության հարցերով, ինչպես նաեւ լրագրողները պարբերաբար ակցիաներ կանեն՝ այս հարցի վրա հրավիրելով տարբեր տեղական ու միջազգային կառույցների ուշադրությունը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )