Շներն ու աղբը Գյումրիի բրենդ

Տարիներ շարունակ Գյումրիում աղբահանության խնդիրը չի լուծվում, քաղաքի տարբեր հատվածներ աղբակույտերից չեն ձերբազատվում։ Չնայած պետք է փաստել, որ զարգացման տարբեր ծրագրերի համաձայն` աղբահանության իրականացման ծավալները տարեցտարի աճել են:Այդ ամենին զուգահեռ նաև քաղաքում թափառող շներն են շատացել, չնայած այս դեպքում էլ քաղաքապետարանը պնդում է, որ շները ստերջացվում են և վնաս չեն ներկայացնում։Ambion.News-ը տևական ժամանակ է` քաղաքի տարբեր թաղամասերից բողոքներ է ստանում, որ աղբը աղբամաններից թափվում է, բայց քաղաքապետարանի կոմունալ բաժինը չի զբաղվում աղբահանության աշխատանքներով։

Բնակիչները սրտնեղում են, որ աղբի համար իրենք վճարում են, բայց ստիպված են շնչել գարշահոտը։
Նշում են, որ ստեղծված վիճակը խոլերայի բուն է։ Հատկապես երկրորդական փողոցները քաղաքապետարանի կողմից անուշադրության են մատնված։Շատերը հիշում են, որ տարիներ առաջ երբ Գյումրիի ներկայիս քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էր կոմունալի տնօրենը, ավելի լավ էր իրավիճակը, մաքուր էին փողոցները։
Նշենք որ 2012 թվականից սկսած` Գյումրիում աղբահանությունն իրականացրել է Գյումրիի քաղաքապետարանը: 2017 թվականի հուլիսի 6-ից այդ աշխատանքներն իրականացնում է «Գյումրու կոմունալ ծառայություն ՀՈԱԿ»-ը, որը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ։
Փաստն այն է, որ տևական ժամանակ աղբն ու թափառող շները դարձել են Գյումրիի բրենդը, չնայած որ Գյումրին շարունակում է մնալ տուրիստական պահանջված ուղղություններից մեկը։

Share This