Մովսեսի մասին աստվածաշնչյան պատմության համար գիտական ​​հիմնավորում է գտնվել

Գիտական ​​տվյալները գնալով ավելի հաճախ են հաստատում աստվածաշնչյան պատմությունն այն մասին, թե ինչպես է Մովսեսը 3200 տարի առաջ իր ժողովրդին Ավետյաց երկիր առաջնորդել: Որոշ բաներ ապացուցում են հնագիտական ​​գտածոները, մյուս փաստերը հիմնավորվում են մաթեմատիկական մոդելներով և համակարգչային այլ վերլուծություններով։

Ինչպես նշում է Daily Mail-ը, գիտնականները բացահայտել են բիբլիական քաղաքի հնագույն գաղտնիքները, որը գտնվում է Ավետյաց երկրի տարածքում։ Հենց այնտեղ էլ իսրայելացիները հաստատվեցին Եգիպտոսից գաղթելուց հետո։

Վերջերս նոր տվյալներ է տրամադրել  Իսրայելի հնությունների վարչությունը: Նրա փորձագետները պատմել են Հին Կտակարանում հիշատակված Զանոահի գտածոների մասին, հաղորդում է Planet Today-ը։ Նրանք հայտնաբերել են քարե պատեր, կերամիկական և մետաղական արտեֆակտներ, որոնք ավելի քան 3200 տարեկան են:

Աստվածաշունչը պատմում է, որ իսրայելացիները չորս տասնամյակ անապատում թափառելուց հետո հասել են Քանան (Ավետյաց երկիր) մ.թ.ա. 1406-1407 թթ.։ Զարմանալի է, որ նույնիսկ մի շարք միանգամայն «ֆանտաստիկ» աստվածաշնչյան իրադարձություններ կարող էին իրականում տեղի ունենալ:

Ասենք այն դրվագը, երբ Մովսեսն իր ցեղակիցներին առաջնորդում է Կարմիր ծովում բացված ճանապարհով։ Մասնագետները համակարգչային մոդելավորում են իրականացրել և պարզել, որ բնական և եղանակային պայմանների որոշակի համադրման դեպքում (քամու ուժգնություն և ուղղություն, մակընթացության, տեղատվության ձևաչափ և այլն) նման «հրաշքը» հնարավոր է…

Հեսուս Նավինի գիրքը նկարագրում է ժողովրդի ավելի ուշ շրջանի պատմությունը, երբ արդեն ինքն էր  գլխավորում  իսրայելացիներին։ Նրա օրոք է նվաճվել Երիքովը, և հրեաներով բնակեցված տարածքն ընդարձակվել է։ Այստեղ բերվում են նաև Զանոահի նկարագրությունները։

Հնագետները հայտնաբերել են այս հնագույն քաղաքը և մանրակրկիտ պեղումներ կատարել այնտեղ։ Մասնավորապես, հայտնաբերվել է սափորի կոտրված բռնակ, որի վրա գիտնականները կարողացել են կարդալ Աստվածաշնչում նկարագրված թագավորի անունը։ Արձանագրությունը վերաբերում է  մ.թ.ա. 701 թվականին Եզեկիա թագավորի գահակալմանը։

Թիմը հայտնաբերել է նաև մեծ սպիտակ քարերից պատրաստված պատեր։ Դրանք, ըստ երևույթին, օգտագործվել են լեռնային լանջերի սանդղավանդերը ամրացնելու համար, որտեղ գյուղատնտեսական մշակաբույսեր են աճեցրել:

Մյուս նշանակալից գտածոներից են՝ սպիտակ կավից զարդանախշ թասի բեկորը, բազմաթիվ այլ կերամիկական և մետաղական իրեր, որոնք վկայում են այս տարածքի յուրացման ժամանակի մասին:

Share This