Մի իրի պատմություն. չմուշկ
Ավելի քան 500 տարի է անցել այն օրվանից, ինչ ժամանակակից մարդն առաջին անգամ կանգնել է չմուշկի վրա։ Նախքան անվաչմուշկ հագնելը մարդիկ սովորում էին սահել սառույցի վրա: Առաջին հարմարանքները, որոնց շնորհիվ մարդիկ կարողացել են տեղաշարժվել սառցապատ տարածքով, պատրաստված են եղել տարբեր կենդանիների ոսկորներից։ Նմանատիպ «ոսկրե» չմուշկներ հայտնաբերվել են Բավարիայի,Շվեդիայի, Խորհրդային Միության, Նիդեռլանդների, Բոհեմիայի,Դանիայի, Անգլիայի և Նորվեգիայի տարածքում։
Չմուշկները համարվում են մարդու հնագույն հայտնագործություններից, և հենց դրանք են հնարավորություն տվել սառցապատ գետնի վրայով արագ տեղաշարժվել: Դրա համար անհրաժեշտ էր ոսկրե չմուշկները ամրացնել ոտքին:
Ոչ այդքան վաղուց 1967 թվականին, հայտնաբերվել է բոլոր հայտնի չմուշկներից ամենահինը։ Այն գտել են Հարավային Բուգի ափին Օդեսայից ոչ հեռու։ Հնէաբանների տվյալներով այդ չմուշկները կարող էին լինել կիմերեյցիներինը (քոչվոր ժողովուրդ, որն ապրել է մոտ 3200 տարի առաջ)։ Ստացվում է, որ արդեն բրոնզի դարում կիմերեյցիները տիրապետում էին չմուշկների, որոնք պատրաստված են եղել տնային կենդանիների ոսկորներից։ Մի կողմից չմուշկները կարվում էին, իսկ մյուս կողմից նրանց մեջ փոքրիկ անցքեր էին բացվում կոշիկներին ամրացնելու համար։
Սկսած 14-րդ դարից մարդիկ սկսեցին պատրաստել սահող մակերեսին մետաղե հատուկ շերտաձող ունեցող փայտե չմուշկներ։ Սովորաբար այդ նպատակների համար օգտագործում էին բրոնզ կամ երկաթ, իսկ ավելի ուշ՝ պողպատ։ Վերջին չորս դարերի ընթացքում փայտե հիմքը և չմուշքի սահակողը փոխվել են ընդամենը իրենց ձևով և երկարությամբ։
19-րդ դարի կեսերից արագ զարգանում է չմշկավազքային մարզաձևը, որն անմիջապես ազդում է չմուշկների պատմության զարգացման վրա։ Ստեղծվում են նոր կառուցվածքի չմուշկներ. այդ գործում հաջողության են հասել հատկապես Կանադան, Ռուսաստանը, Շվեդիան և Ամերիկան։
19-րդ դարի հիսունական թվականներին սկսեցին պատրաստել պողպատե միամետաղ չմուշկներ, որոնք ոտքին ամրացվում էին գոտիների օգնությամբ։ 1880 թվականին հորինվեցին խողովակաձև, մրցարշավի համար նախատեսված նոր չմուշկներ։ Այն իսկական հեղափոխություն էր չմուշկավազքի մարզաձևում։ Հետևի և դիմացի մետաղային հենահարթակները կոշիկին ամրացվում էին 4 և 6 պտուտակների շնորհիվ։
1887 թվականին Ա․Պանշինը պատրաստեց ժամանակակից վազքաչմուշկների նախատիպը։ Այն միամետաղ երկարացված մոդել էր` մի փոքր կորացված ծայրով և նեղ սայրով։ Նորվեգացի Խ. Գագենի հայտնագործության շնորհիվ չմուշկների պատմության և արագընթաց վազքի նոր փուլ սկսվեց։ Նա հնարեց վազքաչմուշկ, որը պատրաստված էր պողպատե սահակող ունեցող պողպատե հատուկ խողովակից։ Այդ գյուտից օգտվում են աշխարհի բոլոր արագավազները, անգամ մեր օրերում։ Չմուշքավազքի մարզաձևում ցնցող էին հոլանդական «Ռապս» և «Վիկինգ» ֆիրմաների ստեղծած մոդելները։ 1996-1997 թվականներին չմուշկորդները մրցաշրջանը սկսել էին հենց այդ չմուշկներով։
