Մի իրի պատմություն. մայոնեզ
Մայոնեզի ստեղծման մասին մի քանի լեգենդ գոյություն ունի: Ըստ առաջին վարկածի՝ 1757թվականին Մաոն քաղաքում՝ Մենորկա կղզու մայրաքաղաքում, որը դարձել էր պայքարի ասպարեզ, անցկացվում էին զորավարժություններ: Քաղաք էին մտել ֆրանսիական զորքերը՝ դուքս Ռիշելյեի գլխավորությամբ:
Շուտով քաղաքի պարիսպներին էին մոտենում անգլիացիները և շրջապատում Մաոն քաղաքը՝ վերցնելով այն ամուր օղակի մեջ: Դուքսը քաղաքը հակառակորդին հանձնել չէր ցանկանում, սակայն սովն արդեն սպառնում էր Մաոնի բնակչությանը, պարենից մնացել էին միայն ձիթապտղի յուղը և հավկիթը: Ռիշելյեի շեֆ խոհարարը հնարամտությամբ ցանկանում է զարմացնել արիստոկրատին: Նա պատրաստում է նոր նրբահամ ուտեստ. ձվի դեղնուցներին խառնում է շաքարը, այնուհետև խառնուրդին ավելացնում է ձիթայուղը, ստացվում է նոր սոուս: Նրա համը դուքսի կողմից գնահատվում է արժանապատվորեն: Նոր սոուսին տրվում է «մաոնյան» անվանումը` ի պատիվ պաշարված քաղաքի: Հետագայում այն անվանում են մայոնեզ:
Ըստ երկրորդ վարկածի՝ մայոնեզի ստեղծման պատմությունը կապում են Լուի Կրիլոնսկու անվան հետ: Այդ զորահրամանատարը 1782 թվականին կարողանում է հետ գրավել անգլիացիներից Մենորկա կղզու մայրաքաղաքը` Մաոնը: Սոուսի հայտնագործման պատճառը այս անգամ դառնում է մթերքի առատությունը: Հաղթանակի պատվին կազմակերպվում է մեծ խնջույք, որի ժամանակ դուքսի հրամանով խոհարարի կողմից պատրաստվում է նորույթը՝ աննախադեպ սոուսը: Նրա պատրաստման համար օգտագործել էին հետևյալ մթերքները՝ ձու, շաքար, ձիթապտղի յուղ, աղ, կիտրոնի հյութ և կարմիր պղպեղ: Չի բացառվում, որ այդ սոուսը կարողանում էին պատրաստել հին ժամանակներից ի վեր:
Անհիշելի ժամանակներիցՙ հայտնի է, որ իր ծագումով մայոնեզը պարտական է ալի-օլի սոուսին (քերած սխտորը ձիթայուղի մեջ): Սակայն, որքան էլ վիճեն մայոնեզի ծագման պատմության վերաբերյալ, այդ հիանալի, նախկինում բոլորին անհայտ սոուսը, սերտորեն ամրագրվել էր եվրոպական արիստոկրատների ճաշացանկում հենց XVIII դարում` դառնալով ցանկացած սառը նախուտեստի համար դասական սոուս:
