Միջոցառման մասնակիցները սատանիստներ են. դրանով այլ ուժերի համար պորտալ են բացում. ակտիվիստ Նարեկ Սարգսյանը՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման և իրեն բերման ենթարկելու մասին

Պետք է մի քիչ նայել ու հասկանալ, որ միջոցառումն այլ աշխարհի ուղեղի համար հասու բան է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Նարեկ Սարգսյանը, ով մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ «ՀուԶանգ ու Զանգ» միջոցառման ժամանակ բախումների ընթացքում բերման էր ենթարկվել:

Ինչպես հայտնի է, երկու օր առաջ սատանիստական ներկայացումից հետո իմ հայի հոգին ըմբոստացավ ու չհանդուրժեց այդ ամենը, և իմ գործողությամբ ցույց տվեցի, որ հետագայում ևս չեմ հանդուրժելու»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման մասնակիցները սատանիստներ են:

Ըստ Նարեկ Սարգսյանի՝ նման միջոցառումներով այլ ուժերի համար պորտալ են բացում: Նա դիտարկեց, որ ներկայացումը նայելով, շարժումները, խոսքը տեսնելով՝ առանց մասնագիտական գիտելիքների կարող է ասել, որ ներկայացումը բացարձակ կապ չունի արվեստի հետ: Ըստ նրա՝ միջոցառման նպատակը այդ ամենը հասարակության մեջ սովորական դարձնելն է:

«Մեր հասարակությունը դա չի ընդունում, և ինձ թվում էր, որ նման զգուշացումներով այդ ներկայացումները չէին շարունակվի: Ամեն ինչը պատահական եմ իմացել ու գնացել: Գնացել եմ՝ ընդվզելու, որ հայը, որ ժամանակաշրջանում էլ լինի, չընդունի սատանիստական, ԼԳԲՏ համայնքին նպաստող գործողությունները: Նրանք, ովքեր նպատակ ունեն մեր ազգային արժեքները վերացնել, ասում եմ, որ ձախողված են լինելու»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով՝ ԼԳԲՏ համայնքը մեծ ներդրում է ունեցել հեղափոխության մեջ և հիմա նման միջոցառումներով նրանք բաժին են ուզում՝ ընդլայնվելու համար: Սարգսյանը նշեց նաև, որ դեպքի վերաբերյալ այլ գործողություններ ևս սպասվում են:

«Իմ գործողություններն արդեն իսկ լինելու են ֆիզիկապես: Բոլորին հրավիրում եմ, որպեսզի հասկանանք՝ օրինական ճանապարհով ինչպե՞ս պետք է լռեցնենք սրանց: Եթե սրանց դիմացը չառնենք, ապա շատ վատ ապագա է մեզ սպասվում»,- ասաց նա:

«Ո՞վ է ասել, որ մենք մշակույթն ազատականացնելու պակաս ունեինք: Ո՞վ կարող է ասել, որ մեր մշակույթը պակասներ ունի, երբ ուրիշները մեր մշակույթից են օրինակ վերցնում: Ո՞վ կարող է ասել, որ մենք չակերտավոր հեղափոխություն արեցինք, ու մշակույթը ազատականացնելու կարիքն ունեինք: Մենք ձեզ ուրիշ բանի համար ենք բերել, ստացվեց լրիվ ուրիշ բան: Դուք ձեր տարիներով պահած ոխն եք ուզում լուծած լինել»,- ներկայացրեց Սարգսյանը:

Անդրադառնալով իրեն բերման ենթարկելուն՝ Սարգսյանն ասաց. «Տղերքը հասկանում են ինչ ա կատարվում, տղերքը նույն հայն են: Կապ չունի, որ կոչում ունեն ու հրաման են կատարում: Նրանք էլ են հասկանում, որ իմ արածը նրանց երեխաների բարի ապագայի համար է»,- ասաց նա և հավելեց, որ պրոֆեսիոնալ մակարդակի վերաբերմունքի է արժանացել:

Սարգսյանը ներկայացրեց, որ այդ գործողություններից հետո մի տեսանյութ հայտնվեց, ըստ որի՝ նա գեյ է, որին, իր խոսքով, նա քմծիծաղով է մոտենում, քանի որ սա ԼԳԲՏ համայնքի հարձակման մեթոդներից է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )