Գիտությունների Ազգային ակադեմիայի հետ կապված աղմուկն իզուր է, նախագիծը դեռ քննարկման փուլում է. ԿԳՄՍ նախարարը՝ ԳԱԱ-ի լուծարման մասին

Գիտությունների Ազգային ակադեմիայի հետ կապված աղմուկն իզուր է, որովհետև այն աշխատանքային նախագիծը, որը մենք տվել ենք, տվել ենք կարծիքներ հավաքելու համար, ներկայում փոփոխություններ են տեղի ունենում աշխատանքային նախագծում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախագիծը կդնենք մեծ քննարկման, բոլոր կարծիքները, կողմերն ու դեմերը կքննարկենք, կտեսնենք՝ ով ինչ առաջարկ ունի, ըստ դրա՝ առաջ կգնանք»,- ասաց նա և հավելեց.

«Ես շատ հաճախ ցավում եմ, որ ինֆորմացիոն բաց այս դաշտի պայմաններում, մենք կիսատ մի նախադասություն, կիսատ մի վերլուծություն, որևէ մի սիրողական կարծիք կամ թեկուզ ոչ սիրողական, այլ լուրջ մասնագետի կարծիք՝ նախնական ինչ-որ տարբերակի վերաբերյալ, վերցնում ենք, երկրորդ կողմի կարծիքը չենք հարցնում ու հարձակվում, հողմաղացների կռիվ ենք տալիս չեղած թեմաների վերաբերյալ»:

Նա նշեց, որ տարբեր մոդելներ են քննարկում: «Հիմա մեր ամենակարևոր առաջնահերթություններից է, որ գիտությունը վերադառնա համալսարան: Համալսարանների հետազոտական հատվածները թույլ են, որոշ համալսարանների դեպքում դրանք չկան, և բարձրագույն գիտության ու կրթության այս օրենքը, որ մենք նախաձեռնել ենք, միտված է դրան, որ հետազոտական ինստիտուտների և բուհերի միջև կապը սերտացվի, և գիտությունը վերադառնա համալսարան, հետևաբար, ուսանողը ընդգրկված լինի նման հետազոտական գործունեության մեջ, սա է մեր հիմնական նպատակը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ԳԱԱ-ն կլուծարվի:

Նշվում էր, որ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտները բուհերին միացնելը ենթադրում է ակադեմիայի լուծարում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )