Մեղրի պատմությունը, հետաքրքիր փաստեր և առաջին հիշատակումները մեղրի մասին

Մեղրի պատմությունը զարմանալի մի պատմություն է մարդկանց և մեղուների սերտ հարաբերությունների մասին, նաև նրա մասին, թե որքան երկար էր առաջին անուշեղենի ճանապարհը մինչև նեկտարի զանգվածային արտադրություն: Որքան ջանք էր անհրաժեշտ եղել գործադրել, որպեսզի վայրի միջատը վերջապես կարողանա մեզ հետ ընկերություն անել:

Առաջին հիշատակումները մեղրի մասին
Այսօր գիտնականները համոզված են, որ նախամարդը դեռևս քարե դարում սկսել է որս անել վայրի մեղուների փեթակների վրա: Այս հմտությունը նրան փոխանցվել է հեռավոր նախնիներից` առաջնակարգ պրիմատներից: Նույնիսկ այսօր կարելի է դիտարկել, թե ինչպես են կապիկները մեղուներից գողանում այդ անուշեղենը:
Ինչ վերաբերում է անվիճելի փաստերին, ապա Արանա քարանձավում (Վալենսիա, Իսպանիա) գտնվել է եզակի ժայռանկար, որի վրա պատկերված է, թե ինչպես է քսակով մարդը, շրջապատված վայրի մեղուներով, մագլցում ուղղաբերձ ժայռը կամ ծառը: Ըստ ռադիոածխածնային հետազոտության՝ այդ գտածոյի տարիքը տատանվում է 7-8 հազար տարվա սահմաններում:

Հին Եգիպտոս
Մեղրն ու մեղուները առանձնահատուկ համարում ունեին եգիպտական ​​փարավոնների մոտ: Նրանց պատկերները առկա են բազմաթիվ պապիրուսներում ու որմնանկարներում: Դրանցից ամենահինը՝ Սմիթի պապիրուսը, թվագրվում է մ.թ.ա. 1700 թ.: Այն պատմում է, թե ինչպես կարելի է մեղվի նեկտարը օգտագործել վերքերը բուժելու համար:
Դրա հետ մեկտեղ այս երկրում մեղրի պատմությունը սերտորեն միահյուսված է մահվան ծեսին: Փաստն այն է, որ հին քրմերն այս հումքն օգտագործում էին որպես մումիաներ զմռսելու նյութի բաղադրիչ: Այսպիսով, նեկտարը Եգիպտոսի շուկայում ամենաթանկ ապրանքներից մեկն էր: Այն կարող էին գնել միայն ունևորները, իսկ մնացածները ստիպված էին ինքնուրույն որս անել վայրի մեղուների փեթակների վրա:
Առաջին «մեղվաբույծները»
Մեղրի պատմությունը պատմում է, որ հին հույներն առաջինն են ուսումնասիրել մեղուների վարքագիծը: Նրանք լրջորեն մտածում էին ընտելացնել այդ միջատներին: Օրինակ՝ հայտնի գիտնական Քսենոֆոնը (մ.թ.ա. մոտավորապես 400 թվական) գրել է մի ամբողջ տրակտատ՝ նվիրված մեղր ստանալու արվեստին: Դա հույժ տեղեկատվական աշխատանք էր, որը նույնիսկ այսօր արժանի է բարձրագույն գովասանքի:
Մեղուների թագավորության մեկ այլ հետազոտողը Արիստոտելն է: Եթե հավատանք հին աղբյուրներին, այս փիլիսոփան ուներ իր սեփական մեղվանոցը: Բնականաբար այն շատ տարբերվում էր ժամանակակիցներից: Բայց այն փաստը, որ հույները վայրի մեղուներ են պահել մ.թ.ա. 400 թվականին, ստիպում է մեզ գլուխ խոնարհել նրանց հնարամտության առջև:
Հռոմեական կայսրություն
Հռոմեական կայսրությունում մեղրն ու մեղուները օրենքի պաշտպանության տակ էին: Ոչ ոք չէր կարող վնասել մեղվաբույծների փեթակները, առավել ևս՝ վերցնել դրանք: Բացառություններ էին միայն այն դեպքերը, երբ բանող մեղուները լքում էին իրենց տունը և գնում նոր գաղութ փնտրելու: Այդ դեպքում, ըստ օրենքի, նրանք ոչ մեկինը չէին համարվում, և ցանկացած մեղվաբույծ կարող էր նրանց պատսպարել:
Հարկ է նաև նշել, որ մեղրը շատ արժեքավոր ապրանք էր հռոմեական շուկայում: Այն օգտագործվում էր ճաշատեսակներ և բուրավետ միջոցներ պատրաստելու համար, անգամ` բժշկության մեջ: Կար ժամանակ, երբ այն օգտագործվում էր որպես լրացուցիչ արժույթ: Մեղրով կարող էին գնել տարբեր իրեր, շինանյութեր, ստրուկներ և այլն:

Ասիայի երկրներ
Հնդկաստանում մեղր սկսեցին ստանալ 4-5 հազար տարի առաջ: Այդ մասին են վկայում հին Վեդաների տեքստերը: Համաձայն դրանց` այդ անուշեղենը աստվածների ամենաարժեքավոր նվերներից մեկն էր: Հետևաբար, սեղանին մեղրի առկայությունը խոստանում էր ընտանիքին բարեկեցություն և առողջություն:
Չինացիները շատ ավելի ճկուն ու հնարամիտ էին: Այս երկրում մեղրը օգտագործվում էր դեղեր պատրաստելու համար: Ուրիշ էլ ինչ ասել, ժողովրդական բժշկության մեջ նույնիսկ օգտագործում էին բանող մեղուներին ու բոռերին: Բուժարարներն հավատում էին, որ նեկտարը բուժում է ստամոքսն ու փայծաղը, իսկ միջատներն օգնում են արյան շրջանառության կարգավորմանը:
Ճապոնական կայսրերը նույնպես սիրում էին մեղր: Այս երկրում այն ​​օգտագործվում էր և խոհարարության, և բժշկության մեջ: Ճիշտ է, տեղական կլիման մեղվապահության համար անբարենպաստ էր, դրա համար էլ անհիշելի ժամանակներից ճապոնացիները համարվում էին այդ քաղցր հյութի ամենամեծ գնորդները: Նույնիսկ այսօր նրանք` որպես ներմուծող, երրորդ տեղում են` զիջելով ԱՄՆ-ին և Գերմանիային:
Ամերիկյան հնդկացիների աշխարհը
Ամերիկայի բնիկների բախտը բոլորից շատ է բերել: Նրանց մեղուները բնաշրջվել են հատուկ տեսակի, որը ի ծնե զուրկ է խայթոցից, ուստի այս վայրերում կարելի է մեղր հավաքել` առանց կյանքը վտանգի ենթարկելու:
Ինչ վերաբերում է հնդկացիներին, նրանք ասում էին, որ աստվածներն են իրենց նեկտար ուղարկում, և հավատում էին նրա հրաշք զորությանը: Օրինակ՝ եթե զոհասեղանին որպես նվեր մեղր մատուցեն, ապա վերին ուժերը հոգ կտանեն հողի մասին և կկանխեն երաշտը:
Աֆրիկյան ցեղեր
Եթե ​​հավատանք գիտնականների հետազոտություններին, ապա մեղրի պատմությունը սկիզբ է առնում Աֆրիկայում: Ի վերջո, այս վայրերում է հայտնվել առաջին մեղրատու մեղուն: Հետևաբար, զարմանալի չէ, որ աֆրիկյան ցեղերը լավագույնս են կարողանում գտնել այդ անուշեղենը:
Գաղտնիքը մարդկանց և թռչունների հրաշալի համակեցության մեջ է: Մեղրացույցը փոքրիկ թռչուն է, որն ապրում է Սև մայրացամաքի համարյա բոլոր տարածքներում: Նրա անունը հենց դրա մասին է խոսում: Թռչունը սիրում է մեղրամոմ, ուստի վայրի բնության մեջ հեշտությամբ է փեթակներ գտնում:
Բնականաբար, աֆրիկյան ժողովուրդները գիտեին այս առանձնահատկության մասին: Նրանք ընտելացնում էին թռչուններին, այնուհետև դրանց օգտագործում իրենց որսի համար: Հետաքրքրական է, որ նույնիսկ այսօր մեղր հայթայթելու այս մեթոդը օգտագործվում է տեղի ցեղերի կողմից:

Դաժան միջնադար
Միջնադարյան Եվրոպայում նեկտարը ոսկու գին ուներ: Դա պայմանավորված էր նրանով, որ քաղցրեղենի մեծ մասի հումքն էր կազմում: Դրա հետ մեկտեղ այդ ժամանակներում հասարակ մարդիկ բարձր կալորիականությամբ սննդի պակաս ունեին, և կենսունակ մեղրը հեշտությամբ լրացնում էր էներգիայի պակասը:
Նման պահանջը հանգեցրեց նրան, որ հնարամիտ մարդիկ ստեղծեցին առաջին հյուսկեն փեթակները: Սա լուրջ առաջընթաց էր մեղվաբուծության մեջ: Սակայն, մեղր ստանալու իրավունք հիմնականում ունեին արիստոկրատներն ու եկեղեցին, այդ պատճառով մեծ քանակությամբ մեղր ստանալ այդպես էլ չհաջողվեց:
Ժամանակակից մեղվանոց
Մեղրի և մեղուների մասին հետաքրքիր փաստեր ուսումնասիրելով՝ մարդիկ վերջնականապես հասկացել են փեթակ կառուցելու սկզբունքները: Մեղվաբուծության զարգացման մեջ ամենամեծ ներդրումն ունեցել է ռուս գիտնական Պետր Իվանովիչ Պրոկոպովիչը: Հենց նա է 19-րդ դարի սկզբին ստեղծել առանց շրջանակի առաջին փեթակը` ծղոտե կողովի տեսքով:
Հետագայում մեղվաբուծությունը վերածվեց մի ողջ գիտության: Բոլոր երկրների մեղվապահները ջանասիրաբար աշխատում էին մեղուների տնակները բարելավելու ուղղությամբ: Ի վերջո, հմուտ վարպետները կարողացան պատրաստել ժամանակակից մեղրաբջիջներով փեթակ: Դրա հմայքն այն է, որ թույլ է տալիս առանց մեղուներին դուրս քշելու հավաքել մեղրը: Բացի այդ, օդափոխության համակարգի շնորհիվ մեղվագաղութը կարող է ազատ շնչել, ինչը էապես նպաստում է միջատների գոյատևմանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )