ՀՊՄՀ-ն ներկայացրել է 2026–2030 թվականների զարգացման ռազմավարությունը․ առաջնահերթությունը՝ ուսանողների թվի աճն ու կրթական հետազոտությունների զարգացումը
Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, խորհրդի այլ անդամներ:
Օրակարգի առաջին հարցով ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը հանդես է եկել hամալսարանի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի և դրա իրականացման գործողությունների պլանի վերաբերյալ զեկույցով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ համալսարանի զարգացման ռազմավարությունը պետք է ունենա հստակ թիրախներ և արդյունքային ցուցանիշներ՝ շեշտելով, որ ռազմավարական ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը պետք է լինի ուսանողների թվի աճը։ Նա նաև կարևորել է մասնագիտությունների համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին, կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը և համալսարանում հետազոտական գործունեության զարգացումը։ Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է նախատեսել կրթական հետազոտությունների կենտրոնի ձևավորում, որը կդառնա ինչպես համալսարանի, այնպես էլ կրթական համակարգի կարևոր ռեսուրսներից մեկը։
Ավելին՝ https://escs.gov.am/articles/news/46
