ՀԵՐՔՈՒՄ
Ի պատասխան վերջին օրերին քարոզարշավի ընթացքում Նարեկ Կարապետյանի տարածած հայտարարության, թե իբրև Լոռու մարզի Մեծավան գյուղում գործել է 3 դպրոց, իսկ այսօր գործում է միայն մեկը, և համայնքի բնակիչները լքում են համայնքը, հայտնում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Մեծավան համայնքում երբևէ միաժամանակ երեք դպրոց չի գործել։ Գյուղի հին դպրոցներից մեկը բացվել է 1930-ական թվականներին և գործել է մինչև 1970-ական թվականները։ Դրա փակվելուց հետո բացվել է Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, իսկ ավելի ուշ՝ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այս երկու դպրոցներն էլ այժմ գործում են: Մեծավանի թիվ 1 միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 308 աշակերտ, թիվ 2-ում՝ 250 աշակերտ:
Ավելին՝ ՀՀ Կառավարության «300 դպրոցի նորոգման, կառուցման և վերակառուցման» ծրագրի շրջանակում այժմ Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոցի տեղակայման վայրում կառուցվում է մոտ 300 աշակերտի համար նախատեսված ժամանակակից, տիպային նոր դպրոց։
Կոչ ենք անում քաղաքական գործիչներին զերծ մնալ ակնհայտ սուտ և չճշտված տեղեկություններ տարածելուց ու հանրությանը մոլորեցնելուց։
