Հա, դե ոնց տեսնում եք, Սոֆյան չի ուտելու մանդատը

«Քաղպայմանագիր» կուսակցության վերջին երկու «արտակարգ» նիստերի մասին մենք երեկ անդրադարձել ենք, որոնց ընթացքում Փաշինյանը «սամասուդի» է ենթարկել իր ֆրակցիայի որոշ «անհնազանդների», իսկ հաջորդ նիստին վարչապետի բացակայությունը եւ նրա գործը շարունակել է Փաշինյանի «մունետիկ» Էդվարդ Աղաջանյանը, որոշ պատգամավորների բաց տեքստով հասկացրել, որ մանդատը պետք է դնեն։ Մեզ պատմեցին, որ Փաշինյանի նյարդային բռնկման առիթը եղել է «Իմ քայլի» պատգամավոր Վարդան Աթաբեկյանի պահվածքը, իսկ պատճառը` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ավելի ճիշտ` քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի սարքած «բոլոլան»։

Հայտնի է, որ խոսնակը պարբերաբար անբռնազբոս դրսեւորումներ է ունենում համացանցում, մարտի սկզբներին էլ նա այդպիսի մի դրսեւորմամբ արձագանքեց «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, ով պարբերաբար հակադրվում է ՀԱԿ շրջանակներին, հերթական բախման ժամանակ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն oգտատերերից մեկի գրառման տակ գրել է, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պետք է մանդատը վայր դնի, Հակոբ Կարապետյանը թեթև «ուղղում» էր մտցրել՝ «մանդատը թող ուտի»։ Վարդան Աթաբեկյանը որոշել է պաշտպանել գործընկերուհու թասիբը, զանգել է Կարապետյանին ու խնդրել հեռացնել մեկնաբանությունը, շտկել սխալը եւ այլեւս անհարգալից պահվածք չդրսեւորել ԱԺ պատգամավորների նկատմամբ։
Կարապետյանը զրույցի կեսից ձայնագրել է պատգամավորին եւ հետո այն իր շեֆին է ցույց տվել, եւ վեճը տեղափոխվել է ավելի բարձր մակարդակ։ Մեզ պատմեցին, որ Վարդան Աթաբեկյանն ու ֆրակցիայի մի քանի անդամ որոշել են հասնել այն բանին, որ քաղաքապետարանի խոսնակին ազատեն աշխատանքից, սակայն Մարությանը կրծքով պաշտպանել է իր խոսնակին, որին քաղաքապետարանում ամենաբարձր պարգեւավճարն է գրում։ Գուցե այս պատմության ինչ-որ նյուանսների մենք չենք տիրապետում, բայց, ի վերջո, արդյունքում ՔՊ ղեկավարությունը որոշել է, որ Վարդան Աթաբեկյանն է մեղավոր, եւ նա պետք է մանդատը վայր դնի։ Կողքից էլ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն է կրակին յուղ լցրել եւ փորձել է Աթաբեկյանի հետ հին հաշիվները մաքրել։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Սիմիդյանի եւ Աթաբեկյանի միջեւ լեզվակռիվը վերածվել էր ձեռնակռվի։
Այս պատմությունից վրդովված Փաշինյանը խմբակցության նիստի ընթացքում որոշել է «պատերին ծեփել», ասելով․ «Չի կարա պատգամավոր լինի, ով հաթաթա տա քաղաքապետին»։ Նախատինքներից Աթաբեկյանի նյարդերը տեղի են տվել, նա չի դիմացել ու հեռացել է քննարկման սրահից։ Դժբախտաբար, միջանցիկ քամին պատգամավորի ետեւից շրխկոցով փակել է դուռը, ինչից ավելի է բորբոքվել վարչապետը, հրահանգել է ախրանային հետ բերել պատգամավորին․ «Էդ ու՞մ վրա ես դուռ շրխկացնում»։ Աթաբեկյանը ժխտել է, պատասխանել է, թե իրեն սխալ ինֆորմացիա են հասցրել, բայց Փաշինյանն արդեն նրան գրել է «սեւ ցուցակում», եւ որոշումը, որ նա մանդատը պետք է վայր դնի, կարծես թե վերջնական է։
Մենք զրուցեցինք Վարդան Աթաբեկյանի հետ, ով, բնականաբար, չխոստովանեց այս տհաճ միջադեպի մասին, բայց խոսքի մեջ տեղ-տեղ չէր կարողանում թաքցնել ողջ ճշմարտությունը։ Հաստատեց, որ երեկվա նիստին չի մասնակցել, ասաց՝ անձնական գործերի պատճառով։
Իսկ ինչու է իր մասնակցությամբ վերջին նիստի կեսից դուրս եկել: «Ես միշտ էլ նիստերի կեսից դուրս եմ գալիս»,- կատակեց նա։ «Հա, մի անգամ դուրս եմ եկել, ծխել եմ, հետո, նիստը չէր ավարտվել, գնացել եմ, շտապ գործեր էին առաջացել»։ Իսկ կարո՞ղ է իրեն նախատել են, ձայն են բարձրացրել իր վրա, դրա համար է դուրս եկել: «Ոչ մեկ իմ վրա չի կարող ձայն բարձրացնել, անհնար է։ Նույնիսկ վարչապե՞տը: «Արդեն սադրում եք»։ Հարցրեցինք նաեւ՝ թիմում չի՞ քննարկվել իր մանդատը դնելու հարցը: «Ախր պատգամավորին ո՞նց կարող են ասել` մանդատը վայր դիր, դա հակասահմանադրական է։ Ես իմ թիմակիցների մոտ 30 տոկոսի հետ ջերմ շփման մեջ եմ եւ չեմ տեսել, որ իրենք քննարկեն»: Իսկ 70 տոկո՞սի հետ: «Դե․․․ բոլորն էլ իրավունք ունեն ինչ-որ բան քննարկել, ի՞նչ կա որ»։
Պատգամավորն ասաց նաեւ, թե չի պատրաստվում մանդատը դնել․ «15 թվից պայքարում եմ, ինչի՞ կամ ու՞ր հեռանամ, անհնար ա ըտենց բան»։ Դե, կգնաք տնից կպայքարեք: «Եթե նկատել եք, Ֆեյսբուքում ակտիվ չեմ, տնից չեմ կարում պայքարեմ, սա է իմ պայքարի ձեւը։ Խառնվածքի խնդիր է»։ Խոսելով Մարությանի խոսնակի հետ ունեցած վիճաբանության մասին, պատգամավորն ասաց․ «Ինձ ճանաչողները կարող են փաստել, որ ես իր հետ չեմ կարող վիճել»: Սոֆյայի թասիբին եք կանգնել: «Ես ոնց հասկանում եմ, ինձնից շատ բան գիտեք… Հա, դե ոնց տենում եք, Սոֆյան չի ուտելու մանդատը, բայց Սոֆյային ճանաչողները կհասկանան, որ չեն կարող նման բան ասել, Սոֆյայի ընդհանուր խառնվածքին եւ անցած ճանապարհին նայելով` մարդիկ պիտի հասկանային, գիտակցեին, նոր ասեին էդ բաները։ Հետո` Սոֆյան ընենց չի էլի, որ խիստ պաշտպանության կարիք ունի»։
Ապա ասաց նաեւ․ «․․․Հա, կարող ա քամին դուռը շրխկացրած լինի, բայց ես անհնար է, որ վարչապետի որեւէ արարքի համար դուռ շրխկացնեմ»։ Պատգամավորին ուղիղ հարցրեցինք` բացառո՞ւմ եք, որ ինչ-ինչ պատճառներով վայր դնեք մանդատը: «Չի կարող նման բան լինի»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )