Հասարակությանը պետք է մտցնել այն ռեալության մեջ, որտեղ ահռելի վտանգներ են սպառնում հենց իրեն․ եթե այժմ վտանգները վերաբերում են անվտանգությանը, ապա հետո տնտեսական, սոցիալական են լինելու․ Վ․ Մարտիրոսյան
Որպես կանոն՝ իշխանություն-ընդդիմություն պայքարը չունի գրված այնպիսի կանոններ, որոնց համաձայն պետք է շարժվել և հասնել արդյունքի։ Դա պայքար է, և այս գործընթացը պետք է դիտարկել բացառապես պայքարի տրամաբանության ներքո։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, որ եթե ընդդիմությունը շարունակում է օրակարգում պահել իշխանության հեռացման հարցը, ի՞նչ ճանապարհով է հասնելու դրան։
Կա պայքար, որի հիմքում ընկած է ոչ միայն իշխանությունների հեռացումը, այլև Հայաստանը ավելի խորացող և ավելի դաժանացող վտանգներից մի կողմ պահելը՝ գոնե ժամանակավորապես։ Ինչո՞ւ, որովհետև հենց այս վտանգների և մեծ սպառնալիքների աղբյուրն ինքնին իշխանությունն է»,-նշեց նա։
Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ իշխանությունների կողմից ԱԺ արտահերթ ընտրությունների մասին խոսելը մեծ բլեֆ էր, որը նախապատրաստվել էր արցախյան մեծ արհավիրքից հանրության ուշադրությունն ու դիսկուրսը շեղելու համար, նաև՝ քաղաքական դաշտում գործող ֆակտորների միջև որոշակի տարբերություններ դնելու նպատակով, քանի որ ընդդիմադիր ուժերից որոշներն ուզում էին գնալ արտահերթ ընտրությունների, որոշներն էլ ի սկզբանե մերժում էին դրանք։ Այսպիսով՝ ըստ քաղաքական գործչի, իշխանությունը փորձում էր ստեղծել դիսկուրս, որտեղ հակասություններ կառաջանան հենց ընդդիմության շարքերում։
Դա, կարծում եմ, տեղի չունեցավ, որովհետև հստակ էր պատասխանը՝ մերժել այդ առաջարկը։ Իշխանության բլեֆն ավարտվեց հենց այն պահին, երբ իշխանությունն այլևս ընդդիմությունից սպասելիքներ կամ այն տարանջատելու և մեկուսացնելու հնարավորություններ չուներ»,-հավելեց Մարտիրոսյանը։
Հարցին էլ՝ ինչպե՞ս է գնահատում հասարակության արձագանքը խնդրահարույց իրադարձություններին, «Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահն արձագանքեց, թե վերջին մոտ 3 տարվա ընթացքում իշխանությունն իր ողջ գործիքակազմով հասարակությանը թմբիրի մեջ է մտցրել։
«Հասարակությունը պետք է արթնանա և սկսի ընկալել, թե ինչ խոշորագույն վտանգներ է իրենից ներկայացնում այս իշխանությունը, և դա վերածի գործողության։ Այդ թմբիրը վաղ թե ուշ ավարտվելու է, և, կարծես թե, մենք արդեն մոտ ենք ավարտին։ Իշխանությունն ինքը պետք է մտածի, թե իշխանությունը կրելու ինչ բարոյական իրավունք ունի, ոչ թե սահմանափակվի միայն սեփական քաղաքական շահը պահպանելով։ Այժմ վերջինս, բացի սեփական իշխանության պահպանման խնդիրը լուծելուց, որևէ օրակարգային, անվտանգային, հասարակական, իրավական խնդիր այլևս ունակ չէ լուծել»,-ասաց նա՝ ընդգծելով, թե ունենք ֆորմալ իշխանություն, որը գոյատևում է նույնիսկ պետությունից բացարձակապես անկախ։
«Հայաստանում սուտն արդեն ունի ինստիտուցիոնալ բնույթ, և դրանով հիմնականում զբաղված է իշխանությունը։ Որոշակի առումով պրոցեսները պետք է դիտարկել հենց այս տրամաբանության մեջ։ Իմ կարծիքով՝ ընդդիմության խնդիրներից մեկն է հասարակությանը մտցնել այն ռեալության մեջ, որտեղ ահռելի վտանգներ են սպառնում հենց այդ նույն հասարակությանը։ Եթե այսօր այդ վտանգները վերաբերում են անվտանգությանը, ապա դրանից հետո տնտեսական, սոցիալական վտանգներ են լինելու, որոնք արդեն իսկ տեսանելի են։ Երբ սոցիալական խնդիրները կպնեն իրենց գրպանին, այդ ժամանակ կհասկանան, թե որքան անունակ իշխանություններ են այսօր ղեկավարում ՀՀ-ն և որքան անունակ են նրանք դիմադրել նոր մարտահրավերներին»,-ասաց Վլադիմիր Մարտիրոսյանը։
