Հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ բախվում են խնդիրների կենսաթոշակն անկանխիկ ստանալու հարցում. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվում բողոքներ այն մասին, որ հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից, քանի որ անկանխիկ եղանակով գումարի վճարումը շարունակելու համար չեն կարողանում տարեկան 1 անգամ բանկ այցելել, տեղեկացնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը։
Արձանագրվել են դեպքեր, երբ անկողնային վիճակում գտնվող կենսաթոշակառուի ազգականը ստիպված է եղել անկողնային կենսաթոշակառուին ավտոմեքենայով մոտեցնել բանկի մասնաշենքի մոտ, որպեսզի բանկի տեսախցիկը ֆիքսի ավտոմեքենայում պառկած կենսաթոշակառուին և հնարավոր լինի շարունակել նրան հասանելիք կենսաթոշակը վճարել անկանխիկ եղանակով։
Խնդիրն ունի տարիների պատմություն, իսկ օրենսդրական փոփոխություններն այդպես էլ այն չեն լուծել։
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցներում ու հաղորդումներում արձանագրված է, որ տարեկան մեկ անգամ բանկ չներկայանալու դեպքում կենսաթոշակի մեխանիկական դադարեցումը վիճահարույց է։
