Հանրապետության գործող վարչապետի տիկին Հարգելի տիկին Աննա Հակոբյան
Ուրախալի է, որ ձեր ուղիղ եթերներում բարձրացնում եք հանրային օրակարգի համար իրապես կարեւոր ու հուզող հարցեր, հատկապես ընտանիքում տղամարդու եւ կնոջ դերերի բաշխման, կանանց իրավահավասարության, կանանց հանդեպ խտրական վերաբերմունքի բացառման հոգեբանի ինստիտուտին վստահելու անհրաժեշտության եւ սրանով պայմանավորված՝ եղած հասարակական կարծրատիպերը կոտրելու հետ կապված։ Իրապես օգտակար քննարկումներ կարող են ծավալվել, որոնք կարող են լուրջ լուծումների առիթ դառնալ։ Սակայն մինչ մասնագիտական կարծիքներ լսելը հանրային դաշտում, որպես կին եւ մայր, կուզենայի ուշադրությունը հրավիրել մի բավական հետաքրքիր հարցի վրա։ Բացի գիտական հոգեբանությունից, նաեւ գոյություն ունի ժողովրդական հոգեբանական փորձառություն, հիմնված կենսափորձի, իմաստնության, եւ այլ ատրիբուտների վրա։ Մենք, որպես հազարամյակների ժողովուրդ, ահռելի մեծ փորձառություն եւ պաշար ունենք կուտակած նաեւ հոգեբանության ոլորտում, որը փոխանցում ենք սերնդեսերունդ մեր գենետիկ հիշողությամբ։ Հոգեբանի ինստիտուտը ժամանակին գործել է այսպես ասենք՝ “տան մեծի” ինստիտուտի հետ զուգորդված եւ եթե այսօր դեռ հոգեբանի մոտ գնալը, հասարակության մոտ, թող ներվի կարող է առաջացնել “գիժը դու ես, ես ինչու պետք է գնամ” արձագանքը, ապա որեւէ մեկը չի դատափետի, եթե վերսկսենք այսպես ասած “տան մեծի” խորհուրդներին ականջալուր լինելու ավանդույթը վերակենդանացնել։ Հույս ունեմ նաեւ այդ հարցին կանդրադառնաք ինչը նաեւ կլինի գնահատանք հայկական ընտանիքի ավանդական մոդելի հանդեպ, որը հիմնք է հասարակության եւ պետության։
