Հայաստան-Ռուսաստան.Ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվային Ալեն Սիմոնյանը
Հայաստան-Ռուսաստան.Ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվային Ալեն Սիմոնյանը
Հոկտեմբերի 9-ին եռօրյա պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել Հայաստանի ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանը։Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից նա հրավեր էր ստացել դեռ 5 ամիս առաջ։Իսկ այս անցած ամիսների ընթացքում,ինչպես հայտնի է,ռազմաքաղաքական բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունեցել,որոնք չէին կարող շրջանցվել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։Խոսքը,մասնավորապես վերաբերվում է սեպտեմբերի 13-ին՝Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիային,որի հետևանքով հայկական կողմն ունի 207 զոհվածներ և վիրավորներ։Այս խնդիրը եղել է կողմերի քննարկման առանցքում։Սիմոնյան-Վոլոդին առանձնազրույցը տևել է մոտ 1 ժամ,որից հետո Հայաստանի և Ռուսաստանի պատվիրակությունները հանդիպում են անցկացրել արդեն ընդլայնված կազմով։
Հարկ է նշել,որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը,հատկապես վերջին շրջանում,ակնհայտորեն դիվերսիֆիկացվում է՝առանց կտրուկ շրջադարձերի։Մի կողմից,Հայաստանի իշխանությունները նկատելիորեն ակտիվացրել են դիվանագիտական աշխատանքները Արևմուտքի հետ,հատկապես ՀԱՊԿ անգործության ֆոնին,բայց մյուս կողմից,հաշվի առնելով Ռուսաստանի ահռելի ազդեցությունը Հայաստանի վրա,փորձում են սիրաշահել Մոսկվային,որպեսզի այս բարդ ժամանակաշրջանում խնդիրներ չառաջանան Ռուսաստանի հետ հարաբերություններում։Գաղտնիք չէ,որ դրանք ոչ միշտ է որ հարթ են ընթանում։Մոսկվան խանդով է վերաբերվում՝Երևանի ակտիվացմանը արևմտյան ուղղությամբ,Հայաստանի իշխանություններն էլ,իրենց հերթին,զգուշավոր ակնարկներով և անուղղակի մեղադրանքներով երբեմն փորձում են իրենց դժգոհությունը հայտնել Ռուսաստանի վարած երկակի քաղաքականությունից։Նույնը,սակայն,արվում է նաև Արևմուտքի կողմից։Այնպես որ,գլոբալ աշխարհաքաղաքական խաղերում հրեշտակներ չեն լինում՝յուրաքանչյուրը առաջնորդվում է բացառապես սեփական շահերով։Եվ այս համատեքստում,եթե ինչ որ մեկը մեզ աջակցում է,ապա վստահաբար ցանկանում է մեզ հետ քաղաքական առևտրի մեջ մտնել,և ուրեմն հարկավոր է հնարավորինս արագ վերլուծության ենթարկել դիմացինի քայլերը՝պատկերավոր ասած,քաղաքական շախմատի դաշտում տանուլ չտալու նպատակով։Սակայն,բազմաթիվ քաղաքական պրոցեսներում թույլ տրված սխալները,գալիս են ապացուցելու այն պարզ իրողությունը,որ Հայաստանի իշխանությունները,մեղմ ասած,այնքան էլ լավ շախմատ չեն խաղում:Ինչևէ,վերադառնանք Ալեն Սիմոնյանի մոսկովյան այցելությանը։ԱԺ-ի նախագահը՝Պետդումայի իր գործընկերոջ հետ կայացած հանդիպմանը կարևորել է հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը,որը ըստ նրա,հիմնված է երկու երկրների ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության վրա։Civic.am-ի փոխանցմամբ,ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրում խորհրդարանական փոխգործակցության առանցքային դերը՝կարևորելով ՀՀ ԱԺ-ի և ՌԴ-ն Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը։Կողմերն այս համատեքստում շոշափել են առաջիկա նախագծերին առնչվող թեմաներ՝փաստելով,որ աշխատանքները պետք է շարունակել համակարգային հիմքի վրա՝ունենալով զարգացման հստակ՝կոլեգիալության և ռազմավարական գործընկերության պահպանման սկզբունքներով նախանշված վեկտոր։
Ինչպես արդեն նշեցինք,հանդիպման առանցքային հարցերից է եղել՝ՀՀ դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան։Այստեղ Ալեն Սիմոնյանը կարևոր մեսիջներ է հղել Մոսկվային։Թե որքանով են դրանք ընկալելի և ընդունելի եղել ռուսական կողմի համար,դժվար է ասել։Առաջիկայում,կարծում եմ,պարզ կլինի այս հարցի պատասխանը։ՀՀ ԱԺ-ի նախագահի խոսքը մեջբերենք.«Մեր այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում։Ինչպես արդեն հայտնի է,սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը՝Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել։Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքի խորքում,մի քանի ուղղություններով ինտենսիվ գնդակոծել են ոչ միայն ՀՀ ԶՈՒ-ի դիրքերը,այլև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները։Ցավալի փաստ է,207 զոհ ու վիրավորներ ունենք»,-նշել է Ալեն Սիմոնյանը։ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումը նա անվանել է ԱՊՀ տարածքում Ադրբեջանի կողմից զավթողական նպատակներ ունեցող վտանգավոր միտում։ԱԺ-ի նախագահը այս համատեքստում չի շրջանցել ՀԱՊԿ-ը գործունեությունը,ընդգծելով,որ այն չի կարողացել իր անդամներից մեկի ագրեսիային արձագանքել օպերատիվ և արդյունավետ։«Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի»,-ասել է Ալեն Սիմոնյանը։Այս ուղերձը շատ հստակ է,և այս կերպ հայկական կողմը հասկացնել է տալիս Ռուսաստանին,որ ՀԱՊԿ-ը շրջանակներում,շատ կարճ ժամկետներում,վճռական գործողություններ է ակնկալում։Հակառակ պարագայում,իրեն իրավունք է վերապահում՝երկրի անվտանգության ապահովման համար,միջազգային այլ զսպող մեխանիզմներ փնտրել։Հաջորդ կարևոր մեսիջն այն է,որ պաշտոնական Երևանը թեև դժգոհ է ՀԱՊԿ գործունեությունից,բայց և այնպես,մտադիր չէ լքելու այդ կառույցը,մանավանդ,երբ Հայաստանը այժմ նախագահող երկիր է դաշինքի կազմում,և առաջիկա նոյեմբեր ամսին պատրաստվում է Երևանում հյուրնկալել ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը։
Դե ինչ,այս ամենից կարող ենք արձանագրել հետևյալը՝Հայաստանը չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը և շարունակելու է աշխատել Մոսկվայի հետ՝դաշնակցային կապերի խորացման միտումով,բայց միևնույն ժամանակ,կարծես թե հրաժեշտ է տալիս վախվորած վիճակին,և Ռուսաստանի հետ սկսում է խոսել համարձակ լեզվով և իրավիճակին համարժեք,ինչը միանշանակ ողջունելի է։Ինչպես ասում են,լավ է ուշ,քան երբեք։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)
