Համահայկական խաղերին այս տարի առաջին անգամ մասնակիցներ կլինեն Չիլիից, Սաուդյան Արաբիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից
Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում օգոստոսի 5-ին, ժամը 21:00-ին կտրվի Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը։ Խաղերի նպատակով Գյումրի կժամանի ավելի քան 11 հազար մարդ: Միայն 19 մարզաձևերում մասնակից մարզիկների ու մարզուհիների թիվը 7161 է: Համահայկական խաղերի անցկացմանն աջակցելու համար հայտագրվել է մոտ 2000 կամավոր։
Խաղերի բացման հանդիսավոր միջոցառման համար կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա։
Աշխատանքային բարձր պատրաստվածության են բերվել ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, շտապօգնությունը։ Առաջին օգնության սպասարկում կիրականացնի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։
Արդեն 25 տարի «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Հայաստանը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։ Մրցումների ընթացքում Հայաստան ժամանած մարզիկները հնարավորություն կստանան ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին:
