<<Շաբաթ երեկո Կարմենի հետ>>հաղորդումը ցա՛վ դարձավ Անդրանիկ Քոչարյանի համար
Անդրանիկ Քոչարյանը «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդմանը որ գնացած չլիներ, կայքերից մեկն էլ չէր վերցնի նրա բառերը ու սեպագրեր․
«Ռուբեն Հայրապետյանը իմ ընկերն է և ինքը Հրանտ Մաթևոսյանի տանը ինձ հետ միասին միշտ եղել է ցանկալի հյուր, որովհետև Հայաստանում շատ քչերը գիտեն, որ Հրանտ Մաթևոսյանի առողջական խնդիրների անմիջական լուծման պատասխանատվությունը Ռուբեն Հայրապետյանը վերցրել է իր վրա, մեր մեկ այլ ընկերոջ` Վարդանի հետ միասին, և առաջին վիրահատության բոլոր ծախսերը արել է Ռուբենը, իհարկե դրա մեջ նաև դեր է խաղացել իմ և իր ընկերության գործոնը: Ռուբենը արել է բազմաթիվ բարեգործություններ, որոնց մասին ոչ ոք չգիտի: Ռուբեն Հայրապետյանը` որպես իմ ընկեր, ինձ և իմ ընտանիքին էլ է շատ անգամներ օգնել և մեր հակասությունները չեն ազդել և չեն կարող ազդել մեր ընկերության վրա»։
Երեկ, երբ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում, Ռուբեն Հայրապետյանն կայքերից մեկին տված հարցազրույցում ասել է․«Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է եղել, 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախնեմ ՀՀ-ից, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Տասը oր առաջվա բան եմ ասում: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչի համար է արվում՝ նրա համար, որ թողես գնաս, որ միանգամից «մասկի շոու» անեն ու ասեն, թե Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, որը թալանել է ֆուտբոլի ֆեդերացիան և փախել»։
Սա շատ լուրջ մեղադրանք է։ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է․
Andranik Kocharyan
Ռուբեն Հայրապետյան,
նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ:
Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել»` չնայած դուք վաղուց ի վեր այդ մեծահոգությանը արժանի չեք, հակառակ դեպքում հիմա որևէ հնարավորություն չէիք ունենա դատարկաբանելու:
Դուք,մշտապես ձեր անձնական շահի թելադրանքով ջանք չեք խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին:
Ասեմ ավելին, նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը:
Այնպես որ հանգիստ նստեք ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես ձեզ վստահեցնում եմ` հետագայում դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու:
Հարգանքով` ձեր բնորոշմամբ նախկին ընկեր` Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանի պատասխան պատասխան, բայց «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդումը որ չլիներ, Անդրանիկ Քոչարյանը կարող էր ավելի լավ համոզել, որ Ռուբեն Հայրապետյանը չարիք է և դրանից բխող շատ այլ բաներ։
