Ինչու՞ սպանվեց Դարիա Դուգինան

Ռուսաստանի հասարակության և քաղաքական էլիթայի ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ մերձմոսկովյան մայրուղում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը։
Մոժայսկ մայրուղու վրա,Բոլշիե Վյազեմի գյուղի մոտ՝Մոսկվայի օղակաձև ճանապարհից մոտ 25 կմ.հեռավորության վրա,շաբաթ երեկոյան պայթեցվել էր ռուս հայտնի փիլիսափա և քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան։Land Cruiser Prado-ն,որի ղեկին էր գտնվում 29-ամյա Դարիա Դուգինան պայթել է շարժման ընթացքում,այնուհետև մեքենան մխրճվել է ցանկապատի մեջ և այրվել։Երիտասարդ կինը տեղում մահացել է,իսկ ամենագնացի բեկորները ցրվել են ամբողջ ճանապարհով մեկ։
Տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ,քննության էին առնվել մի շարք վարկածներ,այդ թվում գազի բալոնի պայթյունը։Սակայն,այժմ ռուսաստանցի իրավապահները հակված են կարծելու,որ մեքենայի տակ տեղադրված է եղել ինքնաշեն պայթուցիկ սարք։Արդյո՞ք մահափորձի թիրախը հենց ինքը՝Դուգինն է եղել։Քննիչները այս հարցի պատասխանը դեռևս չունեն։Որոշ լրատվամիջոցներ,հղում կատարելով ականատեսների վկայությանը,հաղորդել են,որ չարաբաստիկ այդ մեքենայում պետք է լիներ նաև Ալեքսանդր Դուգինը,սակայն ինչ-ինչ պատճառներով,նա վերջին պահին տեղափոխվել էր այլ մեքենա։
Ռուսաստանցի մեկ այլ հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկովն էլ՝իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել էր,որ դստեր մահվանից հետո Դուգինը հայտնվել էր հիվանդանոցում։
Այնուամենայնիվ,փորձենք հասկանալ,թե ու՞մ էր այս ամենը ձեռնտու,արդյո՞ք սպանության թիրախը հենց ինքը՝քաղաքագետն էր։Իսկ մի գուցե այս կերպ,նրան դաժանագույն նախազգուշացման ուղե՞րձ են հղել։Մինչ հետաքննական մարմինը «գլուխ է կոտրում» այս խնդրի շուրջ,քաղաքական գործիչները և վերլուծաբանները փորձում են իրենց վարկածները առաջ քաշել։Այսպես,օրինակ,արդեն տևական ժամանակ Ուկրաինայում բնակվող ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ,Դումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը համոզված է,որ պայթյունը կազմակերպել է «Ազգային հանրապետական բանակ» կոչվող ռազմականացված կազմակերպությունը,որը նպատակ է դրել՝նման ռադիկալ մեթոդներով իշխանափոխություն իրականացնել Ռուսաստանում և վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին։
Իսկ ռուս հայտնի լրագրող,հասարակական գործիչ և քաղաքական մեկնաբան Յուլիա Լատինինան,ով հետապնդումների և սպառնալիքների պատճառով ստիպված եղավ հեռանալ ՌԴ-ից,կոչ է արել զերծ մնալ հապճեպ եզրահանգումներից։Նա մեջբերել է իշխանամետ «Նեզիգար» կայքում տեղ գտած հրապարակումները,որտեղ կոչեր են հնչում մաքրել Ռուսաստանը դավաճաններից,երկրում հայտարարել համընդհանուր մոբիլիզացիա և էլ ավելի կարծրացնել դիրքորոշումը՝Արևմուտքի հետ հարաբերություններում։«Ես չգիտեմ,թե ով է սպանել Դարիա Դուգինային,սակայն կարծում եմ,որ այս անիմաստ սպանությունից հետո,ՌԴ-ում կարող է համընդհանուր տեռոր սկսվել»,-ասել է տիկին Լատինինան,զուգահեռներ անցկացնելով պատմական որոշ իրադարձությունների հետ։Նա մասնավորապես մատնանշել է Ֆաննի Կապլանի կողմից՝Լենինի դեմ իրականացված մահափորձը և արդեն ստալինյան տարիներին տեղի ունեցած Կիրովի սպանությունը։«Թե ինչ հետևեց այդ ամենից հետո՝բոլորիս է հայտնի»,-ասել է Լատինինան։
Իսկ ահա Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախագահ Դենիս Պուշիլինը,ինչպես և սպասելի էր,կատարված սպանության մեջ մեղադրել է Ուկրաինայի հատուկ ծառայություններին։
ԱՄՆ-ում բնակվող ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին էլ աղմկահարույց այս պայթյունի վերաբերյալ իր վարկածն ունի։Նա կարծում է,որ Ալեքսանդր Դուգինին փորձել էին ոչ թե սպանել,այլ վախեցնելու միջոցով՝լռեցնել։Քաղաքագետի կարծիքով,սպանության թիկունքում Ռուսաստանի հատուկ ծառայություններն են կանգնած։Նա պատահական չի համարում այն,որ Դուգինին ինչ որ մեկը համոզել է այլ մեքենա տեղափոխվել և սլանալ իր դստեր մեքենայի ետևից,որպեսզի ականատես լինի այդ դաժան տեսարանին։Պիոնտկովսկու բնութագրմամբ,տեղի ունեցածը հիշեցնում է «հրապարակային մահապատիժ»։Հայտնի քաղաքագետը նշում է,որ Դուգինը լինելով պուտինամետ գործիչ և «ռուսական աշխարհի» ու «Եվրասիական ինտեգրման» գաղափարախոս,վերջին շրջանում իրեն ակնհայտորեն հեռու էր պահում՝Կրեմլի կողմից վարվող քաղաքական կուրսից և բավականին հաճախ քննադատում իշխանություններին,հատկապես Ուկրաինայի դեմ տարվող պատերազմական գործողությունների վերաբերյալ,պահանջելով ավելի կոշտ և վճռական քայլերի գնալ։Իսկ Կրեմլում,ինչպես հայտնի է,քննադատներին չեն սիրում,այն էլ այս չափազանց բարդ ժամանակաշրջանում։
Իհարկե,այս ամենը վարկածներ են և միայն քննչական մարմինները կարող են ի վերջո սպառիչ պատասխան տալ սպանությանը վերաբերող բոլոր հարցերին ու մանրամասներին։
Հ.Գ. Քիչ առաջ,Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին,որ Դարիա Դուգինայի սպանությունը բացահայտված է։Այն կազմակերպել և իրագործել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։Այս պահի դրությամբ,ուկրաինական կողմի արձագանքի մասին դեռևս ոչինչն հայտնի չէ։

Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )