Ինչո՞ւ է աշունն այսքան թախծոտ Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի հատված է հրապարակել իր «Երկրի հակառակ կողմը» վեպից․
«Հայաստանի բույրերը
Ինչո՞ւ է աշունն այսքան թախծոտ Հայաստանում։ Ասում են՝ աշունը ամենուր է թախծոտ։ Բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել այսպիսի աշնան, այսպիսի թախիծի, որ թանձրացած լինի մթնոլորտի մեջ, ոչ մի տեղ չեմ զգացել, որ թախիծը բույր ունենա։ Իսկ Հայաստանում թախիծը բույր ունի, և այդ բույրը մեզ հասնում է ամենուր, ամենուր։ Մլլացող խաշամից է թախիծը բուրում։ Մի ժամանակ ինձ թվում էր, թե միայն գյուղերի վրա է կախված թախիծի այդ բույրը, ուր մարդիկ կրակի են տալիս իրենց ծառերը մերկացրած խաշամը։ Խաշամը դժվար է այրվում, և որպես կանոն՝ կարճ բռնկումից հետո սկսում է մլլալ, և թախիծի բույրով ներկում մթնոլորտը։
Ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում, Հայաստանը, ողջ Հայաստանը պատվում է մլլացող խաշամի բույրով, թախիծի բույրով։ Հիմա աշուն է, և եթե դուք Հայաստանում եք` երեկոյան աղջամուղջին դուրս եկեք պատշգամբ կամ բակ, և ձեր մարմինը կլցվի թախիծի բույրով, մլլացող խաշամի բույրով։ Բայց չէ, դա մլլացող խաշամի բույրը չէ, դա թախիծի բույրն է, որ արթնանում է ամեն անգամ, երբ ծառերի տակ խաշամ է հայտնվում։ Թե չէ՝ ո՞վ է խաշամ այրում Երևանի կենտրոնում։ Կամ գուցե խաշամն ինքը մլլո՞ւմ է աշնանային թախիծից։
