Ինչո՞ւ են ամբողջ աշխարհի մարդիկ կարևոր որոշումները միայնակ կայացնում
Կանադական Վաթերլոյի համալսարանի գիտնականները լայնածավալ ուսումնասիրություն են իրականացրել, որն ընդգրկել է ավելի քան 3500 մարդու՝ մեգապոլիսների բնակիչներից մինչև Ամազոնի ջունգլիների փոքրիկ բնիկ համայնքների ներկայացուցիչներ։ Նպատակը եղել է պարզել, թե ինչպես են տարբեր մշակույթների մարդիկ որոշումներ կայացնում։ Սա որոշումներ կայացնելու ոճի վերաբերյալ մշակութային առումով ամենալայնածավալ ուսումնասիրությունն է։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the Royal Society B: Biological Sciences ամսագրում՝ Փիթսբուրգի համալսարանի աշխատակից Էդուար Մաշերիի ղեկավարած «Փիլիսոփայության աշխարհագրություն» նախագծի շրջանակներում։
Ինչպես պարզել են գիտնականները, նույնիսկ փոխկախվածության բարձր մակարդակ ունեցող հասարակություններում մարդկանց մեծամասնությունը նախընտրում է ապավինել սեփական կարծիքին՝ անկախ շրջապատի խորհուրդներից։
Հեղինակների խոսքով՝ այս հանգամանքը օգնում է բացատրել միջմշակութային թյուրիմացությունները և ցույց է տալիս, որ մենք բոլորս բախվում ենք միևնույն ներքին կասկածներին։
«Հասկանալը, որ մեզանից շատերը բնազդաբար գործում են ինքնուրույն, օգնում է բացատրել, թե ինչու ենք մենք հաճախ անտեսում արդյունավետ առաջարկությունները, լինեն դրանք առողջության, թե ֆինանսների մասին խորհուրդներ, նույնիսկ եթե ապացուցված է, որ դրանք կարող են մեր որոշումներն ավելի խելամիտ դարձնել»,— նշել է Վաթերլոյի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր և հետազոտության առաջին հեղինակ Իգոր Գրոսմանը։ «Այս գիտելիքները կօգնեն ավելի լավ կազմակերպել թիմային աշխատանքը. աշխատակիցներին ժամանակ տալ անհատական մտորումների համար, նախքան նրանք կլսեն այն խորհուրդները, որոնք կարող են մերժել»։
Հետազոտությունը հերքում է այն կարծրատիպը, թե արևմտյան մարդիկ ինքնուրույն են գործում, իսկ մյուսները՝ ապավինում են ուրիշներին։ Հարցմանը մասնակցած բոլոր երկրներում ինտուիցիան և ինքնավերլուծությունն ավելի կարևոր են եղել, քան ընկերների խորհուրդները կամ քրաուդսորսինգը։ Տարբերությունը եղել է միայն այս միտումի արտահայտման աստիճանի մեջ. ավելի անկախ մշակույթներում «ներքին ձայնն» ավելի բարձր է հնչում, իսկ ավելի փոխկախյալ մշակույթներում՝ ավելի մեղմ։
«Գլխավոր եզրակացությունը հետևյալն է. մենք բոլորս սկզբում լսում ենք մեզ, բայց ամենաիմաստուն որոշումները կայացվում են, երբ մենք մեր անձնական եզրահանգումները կիսում ենք ուրիշների հետ», — հավելել է Գրոսմանը։
