«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկում է «Ներառական սոցիալական սրճատուն» ծրագիրը՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու ներառումը

Հուլիսի 7-ին «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և «Ներառական սոցիալական սրճատուն» ծրագրի ղեկավար Զարուհի Հարությունյանը երկու կարևոր և արդյունավետ հանդիպում են ունեցել՝ ուղղված ծրագրի հաջող մեկնարկին ու հետագա զարգացմանը:

 

Առաջին հանդիպումը կայացել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի թիմի և կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանի հետ: Քննարկվել են «Ներառական սոցիալական սրճատուն» ծրագրի շահառուների կարողությունների գնահատման հստակ մեխանիզմներն ու գործիքները:

 

Օրվա երկրորդ հանդիպումը հիմնադրամի ներկայացուցիչները ունեցել են «FLY DESIGN & CONSTRUCTION» ընկերության ղեկավար թիմի և դիզայներների հետ, որոնք ներկայացրել են սրճատան բրենդային ինքնության մշակման իրենց առաջնային տարբերակը` դիտարկելով սրճատան անվանման, ընդհանուր գաղափարախոսության, շուկայում բրենդի դիրքավորման և գունային համակարգի իրենց առաջարկները:

 

Նախաձեռնության հիմնական գաղափարը հասարակության և հաշմանդամություն ունեցող անձանց միջև կամուրջ ստեղծելն է՝ ապահովելով նրանց լիարժեք ներգրավվածությունն ու ինտեգրումը հասարակական կյանքում։

 

Սրճատանը աշխատելու և կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն կունենան հատուկ կարիքներով և ֆիզիկական առանձնահատկություն ունեցող մարդիկ, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները։

Share This