Ի՞նչն է ստիպում Ձեզ, որ զուգահեռներ անցկացնեք Հրայր Թովմասյանի և Արթուր Դավթյանի միջև

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին փաստաբան Արթուր Դավթյանը, երեկ մեզ հետ զրույցում հղում անելով ժողովրդի անտեսանելի ցանկությանը, փորձեց բացատրել, թե ինչու են ուզում ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից։ Փոխարենը չկարողացավ հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչու գործընթաց չեն սկսում, օրինակ, հնուց մնացած գլխավոր դատախազի՝ իր անվանակից Արթուր Դավթյանի դեմ։ Եվ ոչ միայն Դավթյանի, նաեւ ԿԸՀ, վճռաբեկ եւ մյուս դատարանների նախագահների, նախկինից մինչ օրս պաշտոնավարող այլ դատավորների դեմ։
– ՀՀ նախագահն արդեն ստորագրել է հանրաքվեի մասին որոշումը, եւ ապրիլի 5-ին պետք է այն տեղի ունենա։ Մտավախություն չունե՞ք, որ ընդդիմությունը մինչ այդ կդիմի ՍԴ՝ վիճարկելով այդ որոշումը եւ տապալելով այն։

– Չէ, նման խոսակցություն չկա, նման մտավախություն ինչի՞ պիտի ունենանք։
– Պայմանավորվե՞լ եք ընդդիմության հետ։
– Պայմանավորվելու կարիք չկա, չէ՞ որ ընդդիմությունը նման հայտարարությամբ հանդես չի եկել։ Երբ որ հանդես կգա, էդ ժամանակ նոր մտավախությունը կառաջանա։
– Իսկ այն, որ հնարավոր է բավարար քանակով «այո» ձայներ չստանաք, եւ հանրաքվեն տապալվի, ձեզ չի՞ մտահոգում։
– Չեմ կարծում, մենք վստահում ենք մեր ժողովրդին, եւ չեմ կարծում, որ Ձեր կանխատեսած սցենարով կլինի։
– Ինչո՞վ եք վստահ, ժողովրդին հարցրե՞լ եք՝ «ուզո՞ւմ եք, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը փոխվի»։
– Իհարկե, մենք շփվում ենք մեր բազմաթիվ ընտրողների հետ, եւ այն վերաբերմունքը, որ ընտրողներն ունեն էսօրվա գործող Սահմանադրական դատարանի նկատմամբ, հենց էդտեղ տալիս է էդ հարցի պատասխանը։
– Այդ վերաբերմունքն ինչո՞վ է արտահայտվում, ինչո՞վ է վնասել գործող ՍԴ-ն ՀՀ քաղաքացիներին։
– Վնասելու խնդիրը չէ, այլ՝ վստահության, որովհետեւ էսօր ժողովրդի ձայնով ընտրված Ազգային ժողովի կողմից էլ ձեւավորվել է նաեւ, փաստորեն, կառավարությունը։ Այսինքն՝ էդ մարմինների հանդեպ վստահություն ունեն։
– Իսկ ՀՀ քաղաքացին դատախազության ու դատախազի հանդեպ վստահություն ունի՞։
– Դե, չեմ կարող էդ հարցին պատասխանել։
– Ինչո՞ւ չեք գործընթաց սկսում Արթուր Դավթյանից ազատվելու, նա էլ է նախկիններից։
– Արթուր Դավթյանը ես եմ։
– Ինչո՞ւ պատգամավոր Արթուր Դավթյանը չի ցանկանում ազատվել դատախազ Արթուր Դավթյանից։
– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ նման անհրաժեշտությո՞ւն կա։ Երբ որ էդ հարցը տալիս եք, ենթադրում եմ՝ դրա վերաբերյալ ինչ-որ կարծիք ունեք՝ կա՛մ դրական, կա՛մ բացասական։
– Իմ հարցը տալիս եմ՝ ելնելով նախկինում Նիկոլ Փաշինյանի ելույթներից, երբ նա մեղադրում էր դատախազ Արթուր Դավթյանին հազար ու մի մեղքի, տարբեր հանցագործություններ կոծկելու մեջ։
– Այսինքն՝ ես կարող եմ Ձեր հարցից հասկանալ, որ Դուք գտնում եք, որ ներկայիս հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր պաշտոնավարման մեջ թերանում է, եւ կարծում եք, որ նրան պետք է փոխարինե՞լ։
– Ոչ, պարոն Դավթյան, ես ոչինչ չեմ գտնում կամ կորցնում, ես ընդամենը հղում եմ անում Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արտահայտած մտքերին, որտեղ նա անվստահություն էր հայտնում Արթուր Դավթյանին, որ նա «Սերժ Սարգսյանի դրածոն է, հանցագործություններ է կոծկել»։
– Ես կուզենայի լսել, էս պահին ես էդ կարծիքները չեմ լսել, ինձ ուղարկեք, կլսեմ էդ կարծիքները, հիմա չեմ հիշում, եթե դա հին բան է։ Ես կլսեմ, հետագայում դրա մասին կասեմ։
– Այսինքն՝ ի՞նչ պատահեց, որ Սերժ Սարգսյանի նշանակած դատախազ Արթուր Դավթյանը, որին նախկինում ընդդիմությունը մեղադրում էր տարբեր մեղքերի մեջ, հեղափոխությունից հետո գրեթե սրբադասվեց, դարձավ գործող իշխանությունների սիրելին։
– Եկեք էսպես ասեմ՝ ինքը չի դարձել իշխանությունների սիրելին, ինքը ՀՀ գլխավոր դատախազն է, իր ժամկետի մեջ պաշտոնավարում է։
– Հրայր Թովմասյանն էլ ՍԴ նախագահն է եւ իր ժամկետի մեջ պաշտոնավարում է։
– Իսկ ի՞նչն է ստիպում Ձեզ, որ անցկացնեք էդ զուգահեռները Հրայր Թովմասյանի եւ Արթուր Դավթյանի միջեւ։
– Ես այդ զուգահեռներն անցկացնում եմ՝ հիմնվելով նախկինում Նիկոլ Փաշինյանի արտահայտած կարծիքների, ունեցած ելույթների վրա։
– Այսինքն՝ Դուք նախկին կարծիքների հիման վրա էդ զուգահեռներն անցկացնում եք եւ գտնում եք, որ եթե ձեռնարկվում է ՍԴ կազմի փոփոխություն, ուրեմն պարտադիր պետք է դատախազի՞նն էլ լինի։
– Ոչ միայն գլխավոր դատախազինը, նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանինը, որը եւս նախկիններից է, եւ նրան եւս Փաշինյանը մեղադրել է տարբեր մեղքերի, այդ թվում՝ ընտրություն կեղծելու մեջ։
– Ես կուզենամ, որ մեկը մյուսի հետ էդ կապը պարտադիր չտեսնեք։
– Ինչո՞ւ, հավասարություն չպե՞տք է լինի, պարոն Դավթյան։
– Հավասարությունը կա, բայց էն, ինչը որ դատական համակարգի նկատմամբ անվստահություն ունի ժողովուրդը, դա, կարծում եմ, բազմաթիվ անգամ մեր ազգաբնակչությունն ապացուցել է։ Իսկ իմ պատկերացմամբ՝ էն, որ ասում են՝ ձուկը գլխից է հոտում, այսինքն՝ բարձրագույն մարմինը, որը Սահմանադրական դատարանն է, եթե էդտեղ փոփոխություններ չլինեն, ապա ներքեւից փոփոխությունները չեն բերելու էն դրական արդյունքին։
– Ուրեմն եկեք վճռաբեկ դատարանի նախագահին էլ փոխենք, վերաքննիչ քրեական դատարանի, մյուս դատարանների նախագահներին ու դատավորներին էլ։
– Դուք ուզում եք բոլորին նույն օ՞րը փոխենք։ Կարող է էդ բոլորին փոխեն, բայց պարտադիր չի՝ բոլորին նույն օրը։ Էսօր գործընթաց է գնում, եւ դրա վերաբերյալ իմ կարծիքն է, որ էսօրվա անհրաժեշտ փոփոխությունը սա է, եթե կլինի հետագայում անհրաժեշտություն՝ փոփոխել նաեւ Ձեր կողմից մատնանշված մյուս անձանց, հավաստիացնում եմ Ձեզ, որ եթե էդ անհրաժեշտությունը գա, էդ փոփոխությունների գործընթացը կսկսվի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )