Թրամփը ժամանել է Իսրայել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանում, հաղորդել է The Times of Israel-ը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նախագահ Իցհակ Հերցոգը ժամանել են օդանավակայան՝ ամերիկացի առաջնորդին անձամբ դիմավորելու համար: Ներկա են եղել նաև Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոդը, որոնք, ենթադրաբար, կարևոր դեր են խաղացել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև խաղաղության բանակցություններում:

Թրամփը մի քանի ժամ կանցկացնի Իսրայելում՝ հանդիպելով ՀԱՄԱՍ-ի պատանդների ընտանիքների հետ և ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ): Այնուհետև նա կմեկնի Եգիպտոս՝ գագաթնաժողովին և Գազայի հատվածում խաղաղության համաձայնագրի առաջին փուլի ստորագրման արարողությանը մասնակցելու համար:

Հոկտեմբերի 9-ի գիշերը Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի առաջին փուլի շուրջ: Պաղեստինցի բանտարկյալների դիմաց իսրայելցի պատանդների ազատ արձակումը և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերումը կազմում են այս ծրագրի առաջին փուլը: Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելի կառավարությունը հաստատել է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի առաջին փուլը:

Share This